Հայկական ԶՈՒ ստորաբաժանումը կմասնակցի «Կովկաս-2020»–ին. հրավիրված է նաև Ադրբեջանը

Սեպտեմբերի 21-ին ՌԴ-ում մեկնարկող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը մասնակցող ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Զորավարժություններն անցկացվելու են սեպտեմբերի 21-26-ը։

Զորավարժություններին մասնակցելու համար Ռուսաստանը զինծառայողներ է հրավիրել Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Մյանմայից, Պակիստանից, Ադրբեջանից և Իրանից։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ «Կովկաս-2020» զորավարժությանը նախատեսվում է 9 օտարերկրյա պետությունների զորակազմերի մասնակցությունը:

Ռուսական կողմի մեկնաբանությամբ՝ Ադրբեջանն ու Իրանը հրավիրված են Կասպից ծովի ջրատարածքում զորավարժության դրվագների խաղարկմանը մասնակցելու համար։

Վարժանքը տեղի է ունենալու երկու փուլով։ Առաջին փուլի ընթացքում ռազմական կառավարման մարմինները ռազմական գործողություններ կպլանավորեն պայմանական ռազմաքաղաքական իրադրությունում:

Երկրորդ փուլում տեղի կունենան բազմազգ զորախմբի համատեղ մարտական գործողությունները։