ՊԵԿ–ը սիրելի գործարարներ չունի. Հովհաննիսյանն առաջարկում է սպասել նոր բացահայտումների

ՊԵԿ–ի համար արտոնյալ գործարարներ չկան։ Գյումրիում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը` արձագանքելով լրագրողների դիտարկմանը, թե ՊԵԿ–ն ունի սիրելի օլիգարխներ, որոնց մոտ ստուգումներ չի իրականացնում։

«Հուսով եմ` դուք համոզվել եք, որ հատկապես վերջին 2 տարիներին ՊԵԿ–ի համար արտոնյալներ չկան, և դա մենք մեր աշխատանքով ապացուցել ու բազմիցս հիմնավորել ենք»,– ասաց ՊԵԿ նախագահը։

Կոմիտեն, նրա խոսքով, գործառույթներ է իրականաացնում բոլոր այն տնտեսվարողների նկատմամբ, որոնց գործունեության վերաբերյալ ունենում է համապատասխան հիմք։

«Այս կամ այն շարժառիթներով, գործարարի անձով պայմանավորված, ՊԵԿ–ում վաղուց միջոցառումներ չեն նախաձեռնվում»,– վստահեցրեց Էդվարդ Հովհաննիսյանը։

Անդրադառնալով ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրեական գործերին ու սպասվող նոր բացահայտումների մասին հարցին, Հովհաննիսյանը որևէ տեղեկություն չհայտնեց` հորդորելով սպասել նոր հայտարարությունների։