Ռոբերտ Նազարյանը չի կալանավորվի. Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել դատարանի որոշումը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը չի կալանավորվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Նազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու քննիչի միջնորդությունը մերժելու որոշման դեմ դատախազի բողոքը՝ անփոփոխ թողնելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց պաշտպան Գագիկ Խաչիկյանը։

Դատարանը մերժել է նաև պաշտպանական կողմի բողոքը, որով վիճարկվում էր հիմնավոր կասկածը, սակայն, ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում ընդգծեց փաստաբան Գ.Խաչիկյանը՝ հիմնավոր կասկածը բացակայում է և դատարանի որոշումը ստանալուց հետո կքննարկվի վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Սահմանված արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, մինչդեռ, Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ ԱԺ-ի կողմից 2018 թվականին հայտարարված համաներումը կիրառվում է 60 տարին լրացած անձանց նկատմամբ, ովքեր մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություն կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան վեց տարի ժամկետով ազատազրկում։ Այլ կերպ ասած՝ մեղսագրվող հոդվածով դատարանի կողմից չի կարող անազատության տեսքով պատիժ նշանակվել, սակայն Նազարյանին պահանջել է կալանավորել ոչ միայն ՀՔԾ-ն՝ դատարան ներկայացնելով համապատասխան միջնորդություն, այլև ՀՀ դատախազությունը՝ բողոքարկելով կալանավորումը մերժելու մասին դատարանի որոշումը։

Պաշտպան Սասուն Ռաֆայելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց համար ևս անսպասելի էր, որ դատախազությունը բողոք կներկայացնի և, եթե հոդվածի վրա համաներում է տարածվում, ինչու՞ են ուզում անձին կալանավորել։ Ըստ նրա՝ դա դատախազության այսօրվա վարած քաղաքականությունն է, փորձում են ՔԿՀ-ները լցնել։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Նազարյանի մասնակցությամբ կատարվող քննչական գործողություններին, ապա պաշտպանը հայտնեց, որ այս ընթացքում որևէ գործողություն չի եղել, վարույթն իրականացնող մարմինը միայն մեկ անգամ է հրավիրել՝ քննչական խմբի նոր ղեկավարի հետ ծանոթացնելու համար։

Հիշեցնենք՝ քրեական գործով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին, հանձնաժողովի նախագահի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի վերը նշված անդամների գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019 թվականների ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար:

Ռ.Նազարյանը չի ընդունել իրեն մեղսագրվող մեղադրանքները՝ այն գնահատելով անհիմն ու ապօրինի։ Ավելին` մեղսագրվող արարքի վրա տարածվում է համաներում:

ՓԱՍՏԻՆՖՈ