ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱԴՐԱՅԻՆ ԽԱՂԱԹՂԹԵՐԻ ՏՐՑԱԿԸ

Էքսպատներն իշխանության մեջ. տղաներ Չիկագոյից, Օռլովից ու Գլենդեյլից և մեկ աղջիկ Կոպենհագենից

Հայաստանի ներկայիս վարչարարների մեծամասնությանը միանգամայն հիմնավորված կարելի է անվանել «չիկագոեցի տղաներ» (իսկ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի պարագայում՝ «աղջիկներ»), քանի որ այդ սահմանումը գործածության մեջ է մտել արմատական բարեփոխումների ընթացքում մարդկանց զրկանքները հաշվի չառնող «շոկային թերապիայի» հայեցակարգի հեղինակ Միլթոն Ֆրիդմանի կողմնակից տնտեսագետների բնորոշման համար։

Աշխարհագրությունն այստեղ կապ չունի. բնորոշումը սկիզբ է առել 1970-ական թվականներին գեներալ Աուգուստո Պինոչետի ռազմական բռնապետության շրջանում չիլիացի 25-30 տնտեսագետներից, որոնք ավարտել էին այն ժամանակ Ֆրիդմանի կողմից ղեկավարվող Չիկագոյի համալսարանի հետ պարզապես համագործակցության պայմանագիր ունեցող տեղական Պապական Կաթոլիկ համալսարանը: Հայաստանի ներկայիսորոշ նախկին) իշխանավորների մեծամասնությունը, ճիշտ ինչպես Պինոչետի տնտեսագետները, իրենց բարեփոխումների ընթացքում խորապես թքած ունեն ժողովրդի սոցիալական ինքնազգացողության վրա։ Դրա համար էլ նրանք «չիկագոեցի» են, նույնիսկ եթե ոչ մի անգամ չեն եղել ամերիկյան այդ մեգապոլիսում…

Էքսպատների ձախողման պատմությունները

«Չիկագոեցի տղաների» հետ մենք լիովին ծանոթացանք Հայաստանի անկախության դեռ արշալույսին, երբ էներգետիկայի և վառելիքի նախարարի չափազանց պատասխանատու պաշտոնին հրավիրվեց ամերիկացի մասնագետ Սեպուհ Թաշչյանը։

Դե, չգիտեմ, թե ինչպիսի մասնագետ էր այդ էքսպատը (հրավիրված մասնագետ, որն աշխատում է այլ երկրում), բայց բոլորս էլ հիշում ենք խավարի, ցրտի ու հուսահատության այն սարսափելի տարիները, երբ բնակարանում լույսը տալիս էին օրական լավագույն դեպքում մեկ ժամով։ Ընդ որում անթիվ խնդիրների մեջ թաղված երկիրը շարունակ ցնցում էին հենց էներգետիկայի ոլորտում բռնկվող սկանդալները. մերթ միայն թղթի վրա գոյություն ունեցող մազութով լի վագոնների շուրջ, մերթ «կորած մեգավատտների», որոնցից զրկում էին բնակչությանը՝ «իրենց մարդկանց» ներկրած մոմերն ու կերոսինը իրացնելու նպատակով։

Վերջում Թաշչյանը սկանդալի մեջ ընկավ նաև մաքսատանը՝ փորձելով Հայաստանից դուրս բերել արվեստի արժեքավոր իրեր։ Մինչդեռ էներգետիկայի ոլորտում իրական ու գործուն բարեփոխումները սկսվեցին միայն զուտ տնաբույծ կադրի՝ Գագիկ Մարտիրոսյանի պաշտոնավարմամբ ։ Ըստ էության, ամենագլխավոր «չիկագոեցի տղան» հենց վարչապետ Հրանտ Բագրատյանն էր (Եգոր Գայդարի հայկական պատճենը), որի անխոհեմ բարեփոխումները, որոնք ավելի շատ հիշեցնում էին մահացու գիտափորձեր մարդկանց նկատմամբ, 1990-ականների առաջին կեսին ծանր հարվածեցին բնակչությանը և որոնց հետևանքները զգացվում են առ այսօր։

Նրանից հետո Վահրամ Ներսիսյանցն էր՝ Հայաստանում ՀԲ ներկայացուցիչը, որը դեռ այն ժամանակ անվերապահ հայտարարում էր, թե արդյունաբերություն մեզ պետք չէ, իսկ այ զբոսաշրջությունն ու ծառայությունները հենց այն են, ինչ պետք է։ Այսօր, համավարակի շրջանում, բոլորս ականատես ենք այդ թեզի, մեղմ ասած, անհեռատեսությանն ու սնանկությանը։ Իսկ արդեն 2010-ին նա բարեհաջող կերպով ձախողեց Հայաստանում Համահայկական բանկ ստեղծելու ռազմավարական գաղափարը՝ չկարողանալով երկիր բերել փոքրիշատե նկատելի օտարերկրյա ներդրումներ։

Հիշում եմ, Հայաստանի կառավարությունն այն ժամանակ բանկի կապիտալում ներդրեց 20 մլն դոլար՝ հուսալով, թե Ներսիսյանցն իր ընդարձակ կապերով կներգրավի ևս առնվազն 80 մլն։ Ճիշտ է, Համահայկական բանկի գործունեության բնույթի վերաբերյալ հենց սկզբից լուրջ տարաձայնություններ էին նկատվում այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի և հենց Վահրամ Ներսիսյանցի միջև։ Երիցյանը հայտարարում էր, որ զարգացման նոր ինստիտուտը դառնալու է գլոբալ մանրածախ բանկ, և եթե համայն հայության գոնե 1%-ը վարկային քարտ ձևակերպի բանկում, ապա դա այնքան գումար կբերի, որ կկարողանանք մեզ թույլ տալ հրաժեշտ տալ միջազգային ֆինանսական ինստիտուտների վարկերին, մինչդեռ Ներսիսյանցը նույնքան անառարկելի տոնով հայտարարեց, որ Համահայկական բանկի ծրագրերի մեջ չի մտնում ավանդների ներգրավումը և վարկերի տրամադրումը ֆիզիկական անձանց։

Մի խոսքով, գաղափարը ձախողվեց, իսկ էքսպատ Ներսիսյանցը, 6 տարվա ընթացքում գրպանը դնելով մոտ 1,5 մլն դոլար, բարեհաջող լքեց սիրելի հայրենիքը: Իր գոյության այդ 6 տարիների ընթացքում բանկը վարկերի տեսքով բաշխեց մոտ 10 մլն դոլար, իսկ դա սովորական, միջին մեծության առևտրային բանկի երկշաբաթյա գործունեության արդյունքն է:

Մի խոսքով, Հայաստան հրավիրված էքսպատ-մասնագետների պատմությունը, մեղմ ասած, հարուստ չէ հաջողության դրվագներով։ Դե, ճիշտը խոսենք. այդպիսիք պարզապես չկան, և այդ առումով մեր ողջ փորձը բացասական դրոշմ է կրում։

Նորակոչիկները ելնում են երթի

Թարմ օրինակներից հիշենք պատմական հայրենիքում ճարտարապետ Վահագն Վերմիշյանի մասնագիտական կարիերայի անփառունակ վախճանը, որին Փաշինյանը սկզբում տեղավորեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում, իսկ մեկ տարի անց նորակոչիկը քրեական հետապնդման ենթարկվեց կաշառակերության մեղադրանքով:

Վերմիշյանը նույնպես համարվում էր խոշոր մասնագետ. ժամանակին որպես գլխավոր տնօրեն ղեկավարել է արտասահմանյան նախագծային-շինարարական մի շարք ընկերություններ, եղել է ՌԴ Օռլովի մարզի գլխավոր ճարտարապետը: Սակայն Հայաստանում նրա գործունեության արդյունքում խոստացված շինարարական բումը ոչ միայն մնաց որպես օդի դատարկ ցնցում, այլև այսօր փոխարկվել է ոլորտի երկնիշ անկման։

Էքսպատ Տաթևիկ Ռևազյանի մասին շատ է գրվել, ուստի արձանագրում ենք միայն այն, որ բարձր պաշտոնում նրա գործունեության արդյունքում մեր ավիացիան թաղվեց բացարձակ… կոպենհագենի մեջ։ Ոչ պակաս հաճախ է գրվել նաև մեկ այլ էքսպատի՝ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մի տեսակ անկապ գործելաոճի, ավելի ճիշտ՝ անգործության մասին. Գլենդեյլի նախկին քաղաքապետի, որին արտասահմանում հայերի հետ կապված իրավիճակի սրման պահերին, ինչպես ասում են, ցերեկով մոմի լույսով էլ չես գտնի։

Վերջերս վարչապետ Փաշինյանին դուր չեկան Տավուշում տեքստիլ արտադրությունում աշխատող տաջիկ-էքսպատները։ Իսկ ինչ է, մի հարցնող լինի, պետկառավարման աշխատակազմում էքսպատներին այդպես հեշտ ու հանգիստ տեղավորել կարելի՞ է։ Խոսքը նույն Զարեհ Սինանյանի փոքրիշատե նշանակալի թերևս միակ նախաձեռնության՝ «ի Գործ» ծրագրի մասին է։ Մենք այստեղ նույնիսկ չենք խոսում երկքաղաքացիների մասին, նրանց, ովքեր օտարերկրյա անձնագրի հետ մեկտեղ այնուամենայնիվ ունեն նաև հայկականը, բայց միայն օտարերկրյա անձնագիր ունեցող քաղաքացիները մեր երկրի պետկառավարման համակարգում՝ դա ընդհանրապես արտառոց է։

Կարծում ենք, որ պետապարատում մեկ տարի ժամկետով աշխատելու համար Սփյուռքից 100 մասնագետների մեր երկիր հրավիրելու արդյունքը (նրանցից 24-ն արդեն ժամանել են Հայաստան) կձգտի զրոյի, և ծրագիրն ի վերջո սուսուփուս կփակեն։ Բավական երիտասարդ, հետևաբար՝ թե փորձից, թե տեղի առանձնահատկությունների իմացությունից զուրկ մարդկանց մեջ կան և՛ այնպիսիք, որոնք եկել են մեզ մոտ իրենց նյութական վիճակը շտկելու և աշխատանքային կենսագրության մեջ Հայաստանի որևէ նախարարությունում կամ գերատեսչությունում աշխատանքի մասին տող գրելու նպատակադրությամբ, և՛ իդեալիստ-ռոմանտիկներ, որոնք իսկապես երազում են դեպի լավը փոխել կյանքը պատմական հայրենիքում։ Համարել, թե նրանք, աշխատելով պետապարատում ցածր կամ նույնիսկ միջին դիրքերում, կկարողանան արմատապես բեկել պետկառավարման որակի անմխիթար վիճակը, առնվազն միամտություն է։

Այստեղ տեղին կլինի հիշեցնել, որ համաձայն Հայաստանի օրենսդրության՝ թափուր աշխատատեղի լրացման դեպքում նախապատվությունը պետք է տրվի ՀՀ քաղաքացիներին, ուստի օտարերկրացուն աշխատանքի ընդունելուց առաջ գործատուն պետք է դիմի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, և միայն համապատասխան որակավորմամբ տեղացի թեկնածուի բացակայության դեպքում է աշխատանքի թույլտվություն տրվում այլ պետության քաղաքացուն: Թեպետ, այդ ե՞րբ են օրենքները խանգարել Փաշինյանի թիմին անել մտքով անցած ամենը։

Ըստ էության, պիար-թեքումով թերթի նախկին խմբագրին այս հարցում նույնպես ավելի շատ հետաքրքրում է սեփական պիարը, և էքսպատները պետք են նրան զուտ որպես կառավարության «ցուցափեղկի» նմուշ։ Այդ կարգավիճակով էր ընկալում Փաշինյանը նաև աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին, որը, սակայն, շատ արագ հասկացավ, թե ինչի համար է ինքը պետք ՀՀ վարչապետին։ Չափազանց հատկանշական է, որ լինելով ազնիվ ու պարկեշտ մարդ, նա Փաշինյանի հետ զրույցում սթափ և զուսպ գնահատեց իր հնարավորությունները, անմիջականորեն հայտարարելով. «Չլինելով Հայաստանի քաղաքացի՝ ես չգիտեմ, թե ինչպես և ինչ չափով կարող եմ օգնել»։ Այսինքն չկայացած էքսպատ Աճեմօղլուն գրեթե ուղիղ տեքստով նախազգուշացրեց վարչապետին, որ առանց տեղի իրողությունների և առանձնահատկությունների իմացության՝ հրավիրված մասնագետների տված օգուտը նվազագույն կլինի, եթե ընդհանրապես լինի։ Ավա՜ղ, ասողին լսող է պետք…

Основная тема:
Теги: