ՀՀ ԱԳՆ․ Բաքուն պետք է հրաժարվի տարածաշրջանի անվտանգության ապակայունացման փորձերից

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակԱննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի՝ ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ արված հայտարարությունները։

Նախօրեին Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը «փաստորեն խախտել է բանակցային գործընթացը»։ Նա բացասաբար է գնահատել ղարաբայան հակամարտության կարգավորման բանակցային ներկայիս վիճակը` նշելով, որ դրանք կանգ են առել։ Նա նաև նշել է, որ կասկածներ ունի, որ Հայաստանը պատրաստվում է նոր պատերազմի։

«Ադրբեջանի նախագահի՝ «Աբշերոն» հանքավայրում ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ արված հայտարարությունները խորապես հիասթափեցնող են։ Դրանք ի ցույց են դնում հարևան երկրի ղեկավարի անկարողությունը՝ սթափ և առանց ցավագին հույզերի ընկալելու ստեղծված իրականությունը և իր սեփական դերակատարումն այդ իրականության ձևավորման գործում», – նշվում է կիրակի ԱԳՆ–ի տարածած մեկնաբանության մեջ։

ԱԳՆ–ից ընդգծել են, որ նմանօրինակ հռետորաբանությունը, որտեղ առկա են բացահայտ անհիմն և անգամ սուտ պնդումներ, պատիվ չի բերում որևէ երկրի ղեկավարին։

«Մենք գիտակցում ենք խաղաղ գործընթացին Ադրբեջանի կողմից 2016թ ապրիլի հարձակմամբ և 2020 հուլիսի ռազմական էսկալացիա ձեռնարկելու հետևանքով հասցված վնասները։ Որպեսզի այդ վնասները չդառնան անդառնալի, Ադրբեջանի ղեկավարությունը պետք է վերանայի ուժի կիրառման և ուժի սպառնալիքի իր քաղաքականությունը, հրաժարվի արտատարածաշրջանային ուժերի ներգրավմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապակայունացման փորձերից և պատրաստվի խաղաղ միջոցներով խնդրի կարգավորմանը», – հայտարարեցին ԱԳՆ–ից։

ԱԳՆ–ից ընդգծել են, որ Հայաստանը վստահ է իր կարողությունների վրա՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման և պատմական հայրենիքում ապրելու իրավունքը, և հենց այդ վստահությամբ վերստին ընդգծում ենք, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, տեղեկացնում է Newsarmenia.am-ը: