Արցախում քուրդ զինյալներ տեղակայելու մասին տեղեկատվությունը Ադրբեջանի հերթական սուտն է

Արցախի Հանրապետությունում քուրդ զինյալներ տեղակայելու մասին տեղեկատվությունը Ադրբեջանի հերթական սուտն է, այն ապատեղեկատվություն է: News.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ադրբեջանական մամուլում տարածված տեղեկությունը Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Նման տեղեկություններ տարածելով Ադրբեջանը փորձում է հակադրվել այն հաստատված տեղեկություններին, որ իրենց բանակը համալրվում է Սիրիայից եկած ծայրահեղականներով: Այնինչ դա հատատված է, նաև միջազգային մամուլն է գրում սիրիայից ծայրահեղական ուժերի տեղակայումը Ադրբեջանում: Ես կարող եմ ասել, որ դա բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»- շեշտեց նա:

Վահրամ Պողոսյանի խոսքով`Ադրբեջանի զինված ուժերի կազմում ծայրահեղական ուժերի լինելու մասին է վկայում նաև ապրիլյան գործողությունների ժամանակ հայ զինվորների նկատմամբ կատարված վայրագությունները, որոնք բնորոշ են իսլամիստ ծայրահեղականներին:

Անդրադառնալով Ադրբեջանի Պաշտպանության նախարարի հայտարարությանը այն մասին, որ Հայաստանը պատրաստվում է պատերազմի, Վահրամ Պողոսյանը նշեց, որ Հայաաստանը երբեք չի հայտարարել այլ երկրի սահման ներխուժելու մասին, իսկ Հայաստանում զիննված ուժերի կատարելագործումը և աշխարհազորի ստեղծումը միայն մեկ նպատակ ունի`պահպանել երկրի սահմաններն անառիկ: