Դավիթ Տոնոյան. Ալիևն ինքն իրեն չէր մեղադրելու

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե հայկական կողմը տապալել է բանակցությունները, և բանակցային գործընթաց գոյություն չունի, ասաց` եթե ադրբեջանական կողմը չի բանակցում, ուրեմն նրա համար գոյություն չունեն բանակցություններ։

«Բանակցությունները տապալելու հարցում Ադրբեջանն իրեն մեղադրելու փոխարեն հայկական կողմին է մեղադրում։ Պարզ է` Ալիևն ինքն իրեն չէր մեղադրելու։ Անհոգ եղեք, մենք ուժեղ ենք, տոկուն և միայն ու միայն հաղթանակներ ենք ունենալու»,–ասաց Տոնոյանը։

Անդրադառնալով քննադատություններին, թե տավուշյան մարտական գործողություններից հետո ինչո՞ւ են այդքան շատ` 71 անձի մարդու պարգևատրում, և արդյոք արդարացվա՞ծ էր այդ պարգևատրումը` Տոնոյանը պատասխանեց` այո, միանշանակ արդարացված էր։

Մեկ այլ հարցի, թե այս օրերին ադրբեջանական կողմն ակտիվացել էր, ինչի հետևանքով էլ սահմանին մեկ զոհ ունեցանք, և ՀՀ ԶՈւ–ն հայտարարել էր, որ Ադրբեջանին հակահարված կտա, եղել է արդյո՞ք այդ հակահարվածը` Տոնոյանն արձագանքեց` ամեն ինչ իր ժամանակին:

Նշենք, որ նախարարը Եռաբլուրում է Անկախության օրվա կապակցությամբ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia։