Դավիթ ԲԱԲԱՅԱՆ. ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է՝ ՂԱՐԱԲԱՂԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍ ԼԻՆԵԼ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունների առանցքային ասպեկտ դարձավ հակամարտության նախապատմության նրա գնահատականը: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Պուտինի կողմից «Վալդայ» քննարկումների ակումբի նիստի ժամանակ արված հայտարարությունները:

«Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությունները կարելի է իսկապես նշանակալի իրադարձություն անվանել: Ռուսաստանի և նույնիսկ Ղարաբաղյան շարժման ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ առաջին անգամ պետության ղեկավարը գնահատական է տալիս կոնֆլիկտի ծագման պատճառներին: Մինչ այդ պետության ոչ մի ղեկավար երբեք իր և իր երկրի կարծիքը չի հնչեցրել կոնֆլիկտի ակունքների առնչությամբ»,-նշեց Դավիթ Բաբայանը:

«Ռուսաստանի Դաշնության նախագահը Հայաստանն ու Ադրբեջանն անվանեց հավասար գործընկերներ: Այդպիսով, նա ընդգծեց հակամարտության պատճառների և դրա կարգավորման առնչությամբ իր և Ռուսաստանի Դաշնության գնահատականի օբյեկտիվությունը: Մեջբերեմ Ռուսաստանի նախագահի խոսքը. «Ցավոք, դա փաստ է, երբ Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործություններ իրականացվեցին հայ ժողովրդի նկատմամբ: Այդ ամենը մենք պետք է հաշվի առնենք»: Դա շատ կարևոր փաստի արձանագրում է, թե ով է կոնֆլիկտի մեղավորը: Այդ գնահատականը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մաս լինել, որը նման դաժան հանցագործություն է կատարել հայ ժողովրդի դեմ անցյալում և շարունակում է էթնիկ զտման քաղաքականությունը, ինչի ապացույց են վերջին օրերը՝ գերեվարված հայերի խոշտանգումներ և սպանություններ, զոհված զինորների մարմինների նկատմամբ անարգանք»,-հայտարարեց Դավիթ Բաբայանը:

«Ինչ վերաբերում է տարածքների մասին Պուտինի կողմից հնչեցրած հարցին, ապա մնացած հարցերը՝ տարածքներ, սահմաններ, կարող են քննարկվել բացառապես բանակցությունների ժամանակ: Ագրեսիայի և պատերազմի պայմաններում քաղաքական բաղադրիչի մասին խոսելն ավելորդ է»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը: 

News.am