Ավստրիայի ՆԳՆ. Վիեննայի ահաբեկիչը եղել է ԻԼԻՊ-ի համակիր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ավստրիայի իշխանությունները հայտնել են, որ Վիեննայում ահաբեկչությունն իրականացրել են իսլամիստները, հարձակվողներից մեկը եղել է ԻԼԻՊ-ի համակիր: Այս մասին գրում է Euronews-ը։

 

 

Ահաբեկչության արդյունքում զոհվել է 3 մարդ, մոտ մեկ տասնյակ մարդ վիրավորվել է հրազենից, երբ երեկոյան ժամը 8-ի մոտակայքում հարձակվողները սկսել են կրակել փողոցներում՝ սինագոգի հարևանությամբ: Հրաձգությունը շարունակվել էր Վիեննայի ևս հինգ կենտրոնական փողոցներում։

Հարձակվողներից մեկը վերացվել է ոստիկանության կողմից: Մեկի որոնումը շարունակվում է:

Միջադեպի ականատեսներից մեկն ասում է. «Մենք չգիտեինք՝ փախչո՞ւմ ենք հարձակվողներից, թե հակառակը՝ մոտենում ենք նրանց: Հետևաբար, մենք վազեցինք մոտակա հյուրանոցը և այնտեղ ապաստանեցինք»:

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը չի բացառել, որ ահաբեկիչները կարող են ունենալ «հակասեմական դրդապատճառներ»:

Ալպյան Հանրապետության ՆԳՆ ղեկավար Կառլ Նեհամերը դիմել է երկրի մայրաքաղաքի բնակիչներին.

«Եթե հնարավոր է, ես խնդրում եմ վիեննացիներին չլքել տունը, քանի դեռ չկա լուրջ և համոզիչ պատճառ»:

Ավստրիայի ժողովրդի հետ համերաշխություն են հայտնել Եվրամիությունը, ինչպես նաև եվրոպական երկրների ղեկավարները:

Ավստրիայի իշխանությունները համոզված են, և դա հրապարակավ ասվում է, որ ոճրագործները մասնագիտորեն պատրաստված էին և լավ զինված:

Երկրորդ հարձակվողին որոնելու համար ներառվել է հատուկ նշանակության «Կոբրա», արագ արձագանքման ստորաբաժանման առնվազն հարյուր աշխատակիցներ, ինչպես նաև քաղաքացիական համազգեստով ոստիկաններ, տեղեկացնում է Panorama.am-ը: