Վահե ԴԱՎԹՅԱՆ. ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱԶԻ ԳԻՆԸ ՉԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊՈՊՈՒԼԻՍՏԱԿԱՆ ԷՐ

Նավթի համաշխարհային գների անկումն ուղղակիորեն կորելացնել Ռուսաստանից ներկրվող բնական գազի գնի համաշխարհային կոնյուկտուրայի հետ, նշանակում է՝ առնվազն պատկերացում չունենալ, թե ինչ բան է Ռուսաստանի էներգետիկ, մասնավորապես, գազատրանսպորտային համակարգը։ Ելնելով Ռուսաստանի ներկայիս վարքագծից՝ չեմ կարծում, որ Հայաստանի սահմանին գազի գնի վերանայում կլինի։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը:

«Այո, քանի որ գազը չի ձևավորվել որպես վերնջնականապես ինքնուրույն շուկա, դրանք կորելացվում են նավթի գների հետ, բայց Ռուսաստանը կարողացել է, այնուամենայնիվ, տարանջատել դրանք, և այսօրվա դրությամբ նավթի գինն այլևս չի անդրադառնում ՌԴ-ում արդյունահանվող և արտահանվող գազի գնի վրա։ Եթե մեր Կառավարության դերակատարներն ուշադիր ուսումնասիրեին ՌԴ էներգետիկ քաղաքականության առանձնահատկությունները, ապա պետք է նկատած լինեին, որ վերջին տարիներին ՌԴ-ն կարողացել է իր էներգետիկ զարգացման մեջ հասնել մի այնպիսի կետի, երբ նավթի շուկայում առկա գնային տատանումները, այլևս չեն անդրադառնում գազի գնի վրա»,- նշեց փորձագետը։

Վահե Դավթյանի խոսքով՝ այսօրվա համաշխարհային էներգետիկ միտումներն այնպիսին են, որ նավթի գների տատանումներն առավելապես ազդում են հեղուկ գազի վրա։

«Օրերս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի գծով փոխնախարարը հայտարարեց, որ Եվրոպայում այս ամենի արդյունքում գնանկում է տեղի ունեցել։ Եվրոպան պետք է բաժանել 2 սեգմենտի՝ խողովակաշարային գազ, որն այդքան էլ կախված չէ նավթի գներից, և հեղուկ գազն է, որը կախված է։ Այստեղ միանշանական մոտեցում լինել չի կարող»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ նախօրեին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմել էր «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերին գազի գինը Հայաստանի սահմանին նվազեցնելու համար։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել Հայաստանի և Բելառուսի ղեկավարների հեռախոսազրույցը, որի ընթացքում կրկին քննարկվել էր ներմուծվող գազի գնի հարցը։ Կողմերը նշել էին, որ այն բարձր է և չի համապատասխանում համաշխարհային մակարդակին։

Նիկոլ Փաշինյանի՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ գազի հարցով հեռախոսազրույց ունենալու նախաձեռնությունը, Վահե Դավթյանի կարծիքով՝ առնվազն չհաշվարկված քայլ էր։ Ըստ նրա՝ Մինսկի և Երևանի միջև գազային հարցերի քննարկումը տրամաբանական և օրինաչափ կլիներ, եթե այն տեղավորվեր ԵԱՏՄ համատեքստում։

«Որպես այս գործընթացի երրորդ կողմ ներգրավել մի պետության, որը ևս կարող է օբյեկտիվորեն դժգոհել ռուսական գազի գնից, կարծում եմ, ինչ-որ իմաստով բանակցային մարտավարության սխալ է, լուրջ բացթողում։ Վերջին մեկ տարվա ընթացքում իշխանությունները հայտարարում են, որ բավականին լարված բանակցություններ են ընթանում Ռուսաստանի հետ գազի գնագոյացման հարցում և այն, որ Փաշինյանը զանգում է 3-րդ կողմին և նրանք համատեղ հայտարարում են, որ ռուսական գազի գինը չի համապատասխանում միջազգային միտումներին, վկայում է գազային բանակցություններում առկա ճգնաժամի մասին, այն, որ այդ բանակցային գործընթացը մտել է փակուղի կամ գուցե շատ պասիվ տեմպերով էր իրականացվում, զուտ սիմվոլիկ բնույթ է կրել և չի տվել որևիցե էական արդյունք»,- նշեց նա։

Հիշեցնենք նաև, որ «Գազպրոմ Արմենիան» էլ գազի սակագների վերանայման համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարություն է տարածել, ըստ որի՝ 2020թ. հուլիսի 1-ից ընկերությունը ցանկանում է որոշ սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել 36 տոկոսով։ 2019թ. հունվարի 1-ից Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին 15 դոլարով բարձրացել էր՝ 1000 խմ-ի դիմաց դառնալով 165 դոլար։ Հենց այդ ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ բնակիչների համար գազի սակագինը մնալու է անփոփոխ:

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ընդամենը ընթացիկ քաղաքական շահից բխող, պոպուլիստական հայտարարություն էր։ Պարզ էր, որ վաղ թե ուշ սակագինը բարձրանալու է, դա ընդամենը ժամանակի հարց էր»,- ասաց Վահե Դավթյանը։

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետը նաև նկատեց, որ բնակիչների համար գազի սակագնի փոփոխության վերաբերյալ «Գազպրոմ Արմենիայի» հայտը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել, սակայն, միանշանակ չէ, որ բոլոր սպառողների համար գինը բարձրանալու է։

«Որքանով ես եմ հասկանում, հայտը հետևյալ տրամաբանությունն ունի՝ մինչև 10 հազար խմ սպառողների համար գինը իջնելու է 23 տոկոսով, այսինքն՝ դառնալու է 1 խմ դիմաց մոտ 135-136 դրամ։ Միաժամանակ, բավականին լուրջ հարվածի տակ է հայտնվում սոցիալապես անապահով սեգմենտը, որի համար նախկինում գործող զեղչերն այլևս չեն գործելու։ Եթե այժմ այդ խավը վճարում է 100 դրամ 1 խմ-ի դիմաց, ապա նոր հայտի հաստատման պարագայում պետք է վճարի 135-136 դրամ։ Այսինքն, տեղի է ունենում սակագնային հավասարեցման քաղաքականություն բոլոր սեգմենտների միջև»,- հայտնեց նա։

Վահե Դավթյանը տեղեկացրեց, որ 36 տոկոսով նախատեսվում է գազի սակագինը բարձրացնել 10 հազար խմ-ից ավելի սպառող սուբյեկտների համար, որն առավելապես վերաբերում է տնտեսվարողներին։ Նա հուսադրող է համարում այն հանգամանքը, որ նոր սակագնային փաթեթը չի վերաբերելու էլեկտրաէներգիա արտադրող հզորություններին՝ ՋԷԿ-երին։

«Այնուամենայնիվ, կարող ենք ակնկալել լուրջ սոցիալական լարվածություն, որովհետև տեղի է ունենալու մասսայական գնաճ։ Կարծում եմ նաև, սա այն գործընթացն է, որը բավականին լուրջ հարված է հասցնելու գործող իշխանությունների վարկանիշին։ Առհասարակ նրանց հետագա ծրագրերի և անելիքների վրա է մեծ ազդեցություն ունենալու»,- նշեց Վահե Դավթյանը։

Tert.am