ԵՐՋԱՆԻԿ ՄԱՐԴԸ՝ ԶՈՒԳԱՀԵՌ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Արցախի շրջափակման ընթացքում Ադրբեջանն արդեն չորրորդ անգամ անջատում է չճանաչված հանրապետության գազը։ Մուկնուկատու են խաղում. անջատում են մի քանի օրով, սառեցնում մարդկանց, հետո միջազգային հանրության ճնշման տակ և ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ բանակցությունների արդյունքում նորից միացնում՝ ցուցադրելով իրենց «խաղաղասիրական տրամադրվածությունը»։ Վերջին՝ երեկվա անջատումը, պետք է ենթադրել, Ալիևի արձագանքն է Արցախի Պաշտպանության բանակի ապամոնտաժման, ռուս խաղաղապահների անցակետում ադրբեջանցի սահմանապահների ներկայության, կառավարությունում Բաքվի թելադրած կադրային փոփոխությունների իրականացման իր պահանջները կատարելուց Ստեփանակերտի հրաժարմանը։