ԻՆՉՈ՞Ւ Է ՀԱԼԵՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Երեկ հայտնի դարձավ Հալեպում կրկին ռազմական բախումների էպիկենտրոնում հայտնված հայերի շրջանում առաջին զոհի մասին. մահացել է դիպուկահարի կրակոցից ծանր վիրավորում ստացած 66-ամյա Երվանդ Ասլանյանը: Հայաստանի ԱԳՆ-ը, որը մինչ այդ առույգ հավաստիացնում էր, թե իբր՝ օպերատիվ կերպով հետևում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը, մինչև երեկո այդպես էլ չարձագանքեց ցավալի լուրին։ Եվ դա հասկանալի է. դե, հո կիրակի օրով չեն աշխատելու ԱԳՆ աշխատակիցները, որպեսզի մի քանի տողանոց հաղորդագրություն հրապարակեն բազմահազարանոց հայ համայնք ունեցող քաղաքում չափազանց սրված իրադրության պատճառով հայրենակցի մահվան մասին…