ԱՆՊԱՐԿԵՇՏ ԱՌԱՋԱՐԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ
Թուրքիան կողմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը՝ համարելով, որ դա թույլ կտա կայունություն ապահովել իր շրջակա տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը Անկարայում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո։ Հեռարձակումը վարել է TRT հեռուստաալիքը։ «Թուրքիան աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք վերաբերում են Ադրբեջանին և Հայաստանին, ու կոչ անում միջազգային հանրությանը ևս աջակցել դրանց՝ տարբերություն չդնելով երկրների միջև։ Տարածաշրջանում կայունության ճանապարհն ընկած է խաղաղության համապարփակ պայմանագրի ստորագրման միջով, և դրա համար կարևոր նշանակություն ունի Զանգեզուրի միջանցքի բացումը»,- ասել է Ֆիդանը։ Լաչինի միջանցքը նա անվանել է Ադրբեջանի տարածք, նշելով, թե Բաքուն իրավունք ունի ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք այնտեղ հարկ կհամարեն՝ ինքնիշխան իրավունքների պաշտպանության և սեփական անվտանգության ապահովման համար, հաղորդում է News.am-ը։