ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՀՐԵՏԱԿՈԾՄԱՆ ԴՂՐԴՅՈՒՆԻ ՏԱԿ
Հունիս ամսվա ողջ ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 19 հայտարարություն է տարածել, թե իբր՝ Հայաստանի զինված ուժերը կրակ են բացել։ Ադրբեջանի ՊՆ-ի բոլոր հայտարարությունները սուտ են և հետապնդում են մեն-միակ նպատակ. տեղեկատվական հիմք նախապատրաստել ամենօրյա ագրեսիայի և Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումների համար: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, հաղորդում է News.am-ը։ «Հունիսի 10-ից հետո այս պահվածքն ու հայտարարություններն ավելի են սաստկացել, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը նոր սադրանքներ է նախապատրաստում։ Բնականաբար, Ադրբեջանի նման պահվածքը չի նպաստում շարունակվող խաղաղ բանակցություններին և պետք է ուշադրության արժանանա միջազգային հանրության կողմից՝ սանձելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները»,- գրել է Մարուքյանը: