Логотип

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՎԶԵԲ 33-ՐԴ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

«ՎԶԵԲի հետ մեր համագործակցությունն արդեն մեկ տասնամյակի պատմություն և ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար: Այդ համագործակցության շնորհիվ մենք կարողացել ենք մեր ներդրումն ունենալ Հայաստանի տնտեսական կայուն զարգացման գործում: Մեզ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է ստանձնել ՎԶԵԲ տարեկան հանդիպման ռազմավարական գործընկերոջ հանձնառությունը` հավատալով, որ գործարար ժողովն ու հանդիպումները սկիզբ կդնեն նոր գաղափարների, նոր նախագծերի ու նոր հնարավորությունների սահմանմանը»,- ասել է Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը:

ՎԶԵԲ տարեկան հանդիպումների ձևաչափը համաշխարհային ֆինանսատնտեսական միջավայրում տեղի ունեցող առանցքային իրադարձություններից մեկն է: Հայաստանում այն հյուրընկալվում է երկրորդ անգամ և ներառում մասնավոր գործարարար հանդիպումների լայն շրջանակ: Այս տարվա միջոցառմանն Արդշինբանկը նախաձեռնել է քննարկում տնտեսական և առևտրային պատժամիջոցների, դրանցից բխող մարտահրավերների և լուծումների վերաբերյալ: Պանելային քննարկումը կվարի Արդշինբանկի վարչության անդամ, ռիսկերի կառավարման տնօրեն Լուսինե Ներսիսյանը:

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի ավելի քան 380.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.700-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poors (BB— (Stable)), Moodys (Ba3 (Stable)) և Fitch (BB— (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր:

Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:

ՎԶԵԲը հիմնադրվել է 1991 թվականին և ունի 39 անդամ երկիր Միջին Եվրոպայից մինչև Միջին Ասիա։ Բանկի առաքելությունը հետխորհրդային ազդեցության երկրներին իրենց մասնավոր հատվածները հաստատելու աջակցությունն է։ Հայաստանը ՎԶԵԲի անդամ է դարձել 1992 թվականի դեկտեմբերի 7-ին և ՎԶԵԲի կապիտալում վերջինիս բաժնեմասը կազմում է 10 մլն եվրո: ՎԶԵԲի հետ համագործակցության հիմնական ոլորտներն են՝ էներգետիկան, տրանսպորտը, ֆինանսական հատվածը։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: