Логотип

ՔԿ նախագահ․ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողն ասել է, որ պատճառը վենդետան է

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով առնվազն կատարողի մասով դեպքը բացահայտված է։ Այդ մասին Հանրային հեռուստատեսության եթերում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։

Դեպքի մասին մանրամասներ ներկայացնելով` նա ընդգծեց, որ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողն ինքնախոստովանական ցուցմունքում նշել է, որ պատճառը վրեժխնդրությունն էր:

«Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողն ասել է, որ պատճառը 2025 թ. փետրվարի 5–ին տեղի ունեցած դեպքի վրեժխնդրությունն է եղել. ինքը մտերիմ է եղել Գրիգոր և Նարեկ Օհանյանների հետ և իր կարծիքով, իր ընկերը սպանվել է Վալոդյա Գրիգորյանի մտերիմների կողմից և այդ ամենի մեջ մեղադրում է Վալոդյա Գրիգորյանին»,– ասաց ՔԿ նախագահը:

Պողոսյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում շուրջ 100 անձի նկատմամբ իրականացվել են օպերատիվ–հետախուզական բազմաբնույթ միջոցառումներ։

«Նախաքննությունը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ հանրությունը բոլոր հարցերի պատասխանները չի ստացել։ Պետք է հաստատվի կամ ժխտվի այլ անձանց մասնակցությունն այս հանցագործությանը»,– ընդգծեց նա։

Պողոսյանը նշեց, որ այս պահին համայնքում իրավապահների իրականացվում է ուժեղացված ծառայություն, որոշ անձանց նկատմամբ կիրառվել են անվտանգության միջոցներ։

Հիշեցնենք, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: որը փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Սեպտեմբերի 28-ին երկրորդ անձն է ձերբակալվել, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։

Sputnik Արմենիա