Логотип

ԱԱԾ-ն բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին

Շենգավիթի դատարանից ԱԱԾ-ն քիչ առաջ բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին: Այդ տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Լրատվամիջը տեղեկություն չունի, թե որ ուղղությամբ են նրան տարել, բայց պատճառը, կարծես թե, Կոչուբաևի` «Ֆեյսբուքում» այսօր արված կոշտ գրառումն է եղել:

Նշենք, որ Ալեքսանդր Կոչուբաևն այսօր` մոտ 8 ժամ առաջ, գրառում էր արել` Մկրտիչ սրբազանի լուսանկարով։

Փաստաբանը, մասնավորապես, գրել է. «Հոգին սատանային վաճառած քննիչներ, դատախազներ, դատավորներ ձեր պատիժը երկնային է լինելու, աղոթում եմ Տիրոջը ձեզ չների և պատիժը քավեք սերունդներով։ Մկրտիչ սրբազանը ծառայությունը կշարունակի ԿԿԲ պադվալում, բայց դուք ոնց շատ տղա կայիք, էտ ձև էլ մնացիք։ Հ.գ. չհամարձակվեք ասեք` տուն ենք պահում, ես էլ էի տուն պահում, երբ 2018 թվականին սատանաների ավազակավորջը եկավ իշխանության, ես էլ սպա էի, ու ուսադիրը սրանց վրա շպռտելը եղել է կյանքիս ամենաբարդ որոշումը, բայց տուն պահել կարելիա արդար քրտինքով, ոչ թե ձեր պես աշխատավարձ ծծելով»։

Փաստաբանների պալատից Sputnik Արմենիային հայտնեցին, որ փաստաբանի ձերբակալման մասին տեղեկատվությանը չեն տիրապետում։

Էրիկ Ալեքսանյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ Կոչուբաևը այս պահին գտնվում է ՀՀ քննչական կոմիտեում։ Նա նաև նշեց, որ այս պահին գնում է կոմիտե` մանրամասները ճշտելու համար` խոստանալով ավելի ուշ հայտնել նոր տեղեկություններ։