Логотип

ԱԱԾ-ն Գարեգին Բ-ին կալանավորելու սպառնալիքներ է փոխանցում Մայր Աթոռին

ԱԱԾ-ն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին կալանավորելու սպառնալիքներ է փոխանցում Մայր Աթոռին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ Մայր Աթոռում մի քանի օր է քննարկում են ինչպես չխափանել փետրվարի 16-19-ը Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը։ Հոգևոր դասը մանրամասներ չի հայտնում ժողովի կայանալ-չկայանալու մասին, նշել է թերթը։

Հունվարի 31-ին մամուլը գրել էր, որ Գարեգին Բ-ի դեմ նախաձեռնված քրեական վարույթով իշխանությունները հիմք են նախապատրաստում թույլ չտալ նրան լքել Հայաստանը։ Քննչական կոմիտեն կարգալույծ եպիսկոպոս, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի (օծյալ անունը՝ Գևորգ-խմբ.) մասին դատական ակտը չկատարելու և կարգալույծ հայտարարելու հիմքով քրեական վարույթ էր նախաձեռնել։

Հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ժամանակ որոշվել էր Եպիսկոպոսաց ժողովն անցկացնել փետրվարին։ Մայր Աթոռից հունվարի 19-ին փոխանցել էին, որ Հայ Առաքելական եկեղեցու որևէ ժողովական մարմին, բացառությամբ՝ Ազգային-եկեղեցական ժողովի, իր նիստերը կարող է գումարել ցանկացած վայրում։ Նման նախադեպեր կան ինչպես Եպիսկոպոսաց ժողովի, այնպես էլ Գերագույն հոգևոր խորհրդի գումարման դեպքում:

Պաշտոնական Էջմիածինը բազմիցս կոչ է արել «բարենորոգման խորհրդի» անդամ հոգևորականներին վերադառնալ կանոնական դաշտ և խնդիրները լուծել Հայ Առաքելական եկեղեցու ներսում: Վարչապետին միացած եպիսկոպոսները հունվարի 21-ին կոչ էին արել չեղարկել Եպիսկոպոսաց ժողովը՝ հրաժարվելով մասնակցելուց։

Armenia Today