ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում պաշտոնյաների անուններով կեղծ հաշիվներ բացած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
Ծառայությունից հայտնում են, որ վերջին շրջանում բնակչության շրջանում տարածվում է մի երևույթ, երբ համացանցային հարթակների թիրախավորմամբ ապօրինի կերպով հնարավոր է լինում մուտքագրել քաղաքացիների համակարգչային տվյալները, փոփոխել, ոչնչացնել, ուղեփակել (մեկուսացնել) կամ համակարգչի, համակարգչային ցանցի աշխատանքի նկատմամբ որևէ այլ եղանակով ներգործելու միջոցով հարձակում իրականացնել։
Մասնավորապես նշվում է, որ քաղաքացիների վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություն կատարելու, բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին ապօրինի տիրանալու համար բացվել են տարբեր ինտերնետային հաղորդակցման հավելվածներ (հատկապես WhatsApp հավելված), որոնցով տարվում է տարաբնույթ, իրականությանը չհամապատասխանող գրագրություն։
«Այդ ամենն արվում է նաև տարբեր պետական հաստատությունների աշխատակիցներին, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելու, իրենց ծառայողական լիազորություններից բխող գործողություն կամ անգործություն կատարելուն հարկադրելու և այդ կերպ տեղեկություններ ստանալու դիտավորությամբ։ Ինտերնետային հաղորդակցման հավելվածներ են բացվել նաև տարբեր պաշտոնատար անձանց անվամբ»,- ասված է հաղորդագրությունում։
ԱԱԾ–ից հայտնում են, որ նմանատիպ դեպքերը գտնվում են մշտադիտարկման տիրույթում, և ենթադրյալ հանցանք կատարած անձանց հայտնաբերելու և օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար իրականացվում են համապատասխան միջոցառումներ։
Նշենք, որ այսօր` հոկտեմբերի 16-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է, որ WhatsApp հավելվածում իր անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ։ Նա նշել է, որ դրանով նամակներ են ուղարկվում տարբեր մարդկանց, այդ թվում՝ պետական պաշտոնյաների ու խնդրել է չպատասխանել նման հաղորդագրություններին։ Շեշտել է՝ ինքը միակ պետական պաշտոնյան չէ, որի անունով և նկարով կեղծ օգտահաշիվ է բացվել, ու իր համոզմամբ՝ այս ամենը պետք է դիտարկել իրենց դեմ հիբրիդային հարձակումների տրամաբանության մեջ։ Թորոսյանը նաև զգոնության կոչ է արել ու հորդորել չտրվել մանիպուլյացիաների։
Sputnik Արմենիա