Թե բարձրագույն դատական խորհուրդը ինչ հանգամանքներով պայմանավորված է նման որոշում կայացրել, չեմ կարող ասել։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 20–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ նշանակված Ժորա Չիչոյանը՝ անդրադառնալով իր նշանակմանն այդ պաշտոնում։
Դիտարկմանը, որ կան լուրեր, որ ԱԱԾ տնօրենի հետ իր կապերն են օգնել, որ ինքը Երևան քաղաքի դատարանի նախագահ դառնա՝ հատկապես, որ ըստ խոսակցությունների՝ ողջ դատական համակարգը հենց ԱԱԾ տնօրենն է կուրացիա անում, Չիչոյանն ասաց. «Նման հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ նշված որոշման կայացման համար։ Պարոն Սիմոնյանի հետ մտերմություն կա դեռևս այն ժամանակահատվածից, երբ ոչ ես էի դատավոր, ոչ պարոն Սիմոնյանը՝ ԱԱԾ տնօրեն։ Խոսքը 10 և ավել տարիների մասին է»։
Հարցին՝ հիմա ևս մտերմությունը շարունակվո՞ւմ է, Չիչոյանը պատասխանեց. «Չեմ պատրաստվում որոշակի ժամանակավոր որոշակի երևույթների համար, խոսքը պաշտոնի մասին է, ընկերներից հրաժարվել։ Բնականաբար շփումներ կան»։
Ինչ վերաբերում է նրան, որ իրենից ավելի փորձառում դատավորներ կային, ինչո՞ւ է հենց ինքը նշանակվել այդ պաշտոնում, նա ընդգծեց. «Կան որոշակի չափանիշներ դատավոր նշանակելու համար, խոսքը նույնիսկ նվազագույն տարիքային շեմի մասին է։ Եթե օրենսդիրը սահմանել է որոշակի տարիքային շեմ, ես շեմին ես բավարարել եմ, բնականաբար իրավական բոլոր ընթացակարգերով նշանակվել եմ։ Ինչ վերաբերում է արժանիներին կամ ոչ արժանիներին, կրկին ասում եմ, որ որոշել է Բարձրագույն դատական խորհուրդը, Ձեր հարցերի հասցեատերը բարձրագույն դատական խորհուրդն է, ոչ թե ես»։
News.am
