Логотип

ԱԲ կենտրոն Հայաստանում․ Firebird ընկերությունը կներդնի առաջին 500 մլն դոլարը

ԱՄՆ-ում տեղակայված Firebird ընկերությունը, որը արհեստական բանականության ենթակառուցվածներով է զբաղվում, հայտարարել է ԱՄՆ արտահանման լիցենզիա ստանալու և Հայաստանում 500 մլն դոլար ներդնելու մասին։

Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ սա տարածաշրջանում արհեստական բանականության բարձրակարգ գերհամակարգչային ենթակառուցվածքի ստեղծման բազմամիլիարդանոց մեգանախագծի մեկնարկային փուլն է։ Ըստ հայտարարության՝ այս ձեռքբերումը բացում է ԱՄՆ-Հայաստան համագործակցության նոր էջ առաջատար տեխնոլոգիաների, նորարարության և ԱԲ ոլորտում։

Firebird-ը կստեղծի տարածաշրջանի ամենաառաջադեմ ԱԲ կլաստերներից մեկը, որը կգործի Dell Technologies-ի PowerEdge բարձր արդյունավետությամբ ԱԲ սերվերներով և NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորներով (GPU)։

GPU-ները հնարավորություն կտան գիտահետազոտական հաստատություններին, տեխնոլոգիական ընկերություններին և ձեռնարկություններին լայնածավալ կերպով գործարկել ժամանակակից ԱԲ մոդելներ։

Նախագծի առաջին փուլի գործարկումը նախատեսված է 2026 թվականի առաջին կեսին։ Դա թույլ կտա Հայաստանին դառնալ ԱԲ ոլորտում նորարարությունների տարածաշրջանային կենտրոն ոլորտների լայն շրջանակում՝ շեշտը դնելով գիտության, ռոբոտաշինության և տիեզերական ոլորտների վրա:

«Մեր նպատակն է առաջադեմ ԱԲ-ն հասանելի դարձնել յուրաքանչյուրին՝ ընդհանուր բարիքի համար։ Մենք կառուցում ենք այն տեխնոլոգիական հիմքը, որը ամենուրեք հնարավորություն է տալու ինժեներներին, հետազոտողներին և ստեղծարար մարդկանց աշխատել համաշխարհային մակարդակի գործիքներով։ Այս ներդրումը հիմնարար նշանակություն ունի Հայաստանի թվային և ԱԲ ապագայի ձևավորման համար»,- նշել է Firebird-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանը։

Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանն էլ կարծում է, որ Հայաստանում ձևավորվում են ժամանակակից թվային և ԱԲ էկոհամակարգի հիմքեր, ինչը կարող է բարձրացնել տեղական մասնագիտական ներուժը և ներգրավել գլոբալ նորարարություն։

«Սա կարևոր քայլ է Հայաստանի տեխնոլոգիական ապագայի համար։ Այս ջանքերը արտացոլում են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ամուր պետական-մասնավոր գործընկերությունը և հանդիսանում են փոխադարձ վստահության և տեխնոլոգիական առաջընթացի վրա կառուցված համագործակցության մոդել»,- ասել է Եսայանը։

Ինչպես ասվում է հաղորդագրությունում՝ այս համագործակցությունն իրականություն է դարձել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երկու երկրների կառավարությունների միջև նորարարության, արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո։

Firebird ստարտափը արհեստական բանականության տեխնոլոգիաներ մշակող ընկերություն է։ Այն ստեղծվել է հայկական Team հեռահաղորդակցության ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի կողմից՝ Հայաստանի և սփյուռքի մի քանի այլ ՏՏ գործարարների հետ միասին։ Firebird-ը ստացել է Nvidia-ի չիպերը Հայաստան արտահանելու ԱՄՆ կառավարության հավանությունը:

Sputnik Արմենիա