Ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի վերաբերյալ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ–ի ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Նրա խոսքով` հայ-ամերիկյան նախագծի մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն, սակայն Մոսկվան բաց է` քննարկելու ինչպես նախաձեռնության բովանդակությունը, այնպես էլ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը։ Կալուգինը նշել է, որ «դրա համար բավարար հիմքեր կան»։ Դիվանագետն ընդգծել է, որ ըստ էության` խոսքը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ավելի վաղ համաձայնեցված երթուղու հատվածի մասին է։
«Մեր ընկերությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղիները», որը «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկություն է, Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա ունի։ Տարածաշրջանում օգտագործվում է ռուսական երկաթուղային գիծը։ Ճանապարհը մեծամասամբ կանցնի մեր սահմանապահների պատասխանատվության գոտիով», – նշել է Կալուգինը։
Վերջում նա մատնանշել է Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ ընդգծելով, որ նախաձեռնության իրականացումն առանց Ռուսաստանի մասնակցության դժվար է։
Sputnik Արմենիա
