Логотип

ԱԳՆ-ին լրացուցիչ 60 մլն դրամ հատկացվեց՝ Փաշինյանի օտարերկրյա այցերի համար

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 4–ի նիստում որոշեց ԱԳՆ–ին տարեկան 60 մլն դրամ հատկացնել՝ ՀՀ վարչապետի ղեկավարած պատվիրակությունների օտարերկրյա պետություններ այցերի արարողակարգային միջոցառումների պատշաճ կազմակերպումն ապահովելու նպատակով։

Հիմնավորման մեջ նշվում է, որ Կառավարության որոշմամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի մասով ՀՀ ԱԳՆ–ի պետական արարողակարգի ծառայությանը վերոնշյալ ծախսերի իրականացման համար հատկացվել է 40 մլն դրամ և 2025–ի բյուջեով նույն նպատակի համար հաստատված գումարի հետ միասին կազմել է 140 մլն դրամ, որից արդեն իսկ ֆինանսավորվել է 124 մլն 556 հազար դրամը: Մնացորդը չի բավականացնում 9 ամսվա կտրվածքով և մինչև տարեվերջ առաջիկա ծախսերի ֆինանսավորմանը: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել հավելյալ միջոցների նախատեսման, որի առաջնահերթության և հրատապության վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը համապատսախան գրությամբ դիմել է ՀՀ վարչապետի աշխատակազմին։

Ըստ այդմ, առաջարկվում է նվազեցնել ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող «Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագիր» և «ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավում» ծրագրերի համապատասխան միջոցառումների տնտեսված միջոցներից և դրանք ուղղել ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությանը։

News.am