Ադրբեջանից Հայաստան ժամանած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցը ոչ թե իրական երկխոսություն էր, այլ խաղաղության օրակարգի իմիտացիա ստեղծելու հերթական փորձ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։ Նա շեշտեց, որ Ադրբեջանի համար ընդունված պրակտիկա է` նման հանդիպումներին միշտ ուղարկում են պետության կողմից վերահսկվող անձերի։
«Ադրբեջանի կողմից նման հանդիպումների համար ընտրվում են մարդիկ, որոնք գտնվում են իշխանությունների և հատուկ ծառայությունների վերահսկողության տակ։ Նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ ինչ-որ նշույլներ կային քաղաքացիական հասարակության՝ 10-15 տարի առաջ, պատվիրակությունների կազմում միշտ եղել են հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, որոնք վերահսկում էին ամբողջ գործընթացը, հետո վերադառնալուն պես Բաքվում զեկուցում տեղի ունեցածը», – ասաց ադրբեջանագետը։
Նրա կարծիքով՝ ներկայում Ադրբեջանում քաղհասարակության վիճակը զգալիորեն վատթարացել է։
«Վերջին շրջանում նրանք քոքից կտրել են քաղաքացիական հասարակությանը։ Ընդդիմադիր մեդիաները փակվում են, լրագրողներն ու հասարակական գործիչները ձերբակալվում կամ արևմտյան երկրներում քաղաքական ապատաստան են խնդրել։ Այս պայմաններում խոսել այն մասին, որ Ադրբեջանում գոյություն ունի առողջ քաղաքացիական հասարակություն, ուղղակի ծիծաղելի է»,– մանրամասնեց Էլիբեգովան։
Ադրբեջանագետը հիշեցրեց, որ այցի մասնակիցների թվում կան անձինք, որոնց հայտարարություններն ու գործունեությունը բացահայտ հակահայկական են, գրառումները` լի ատելությամբ։
«Բոլորս էլ գիտենք, թե ովքեր են նրանք։ Բավական է բացել, օրինակ, Ֆարհադ Մամեդովի սոցցանցային էջերը կամ մեկնաբանությունները՝ տեսնելու, թե որքան հեգնանքով, ծաղրով և ատելությամբ է լցված նրա խոսքը հայերի, Հայաստանի ու ՀՀ ղեկավարության հանդեպ։ Իսկ այն կինը, որի մասին խոսվում էր, բացահայտ մասնակցել է արցախցիների էթնիկ զտումներին։ Ինչի՞ մասին է այստեղ խոսքը, ի՞նչ երկխոսության մասին ենք խոսում», – ընդգծեց նա։
Ադրբեջանագետը նաև տարակուսեց, որ հայկական կողմի որոշ ներկայացուցիչներ, այդ թվում` ծագումով Արցախից, առանց որևէ հարցի կամ քննադատության ընդունել են նման մարդկանց։
«ՀՀ անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը (Արմեն Գրիգորյանը–խմբ.) ժպիտով է ընդունում այդ կնոջը և որևէ հարց չունի արցախցիների էթնիկ զտման ակտիվ մասնակցին։ Բացառվում է, որ չիմանան, թե ում են հրավիրում։ Ադրբեջանական իշխանամետ կայքի խմբագիրներից մեկին են հրավիրում: Որ մտնում ես էդ կայք, ատելության խոսք, հակահայկական քարոզչություն, ծաղր մեր արժեքների և գաղափարախոսության և ազգի վերաբերյալ։ Սա հերթական իմիտացիա է։ Որևէ առողջ երկխոսություն հնարավոր չէ նման պայմաններում։ Էդ մարդիկ չեն եկել լսելու հայկական կողմի դժգոհությունները կամ խնդիրները։ Եվ հայկական կողմից էլ չեն ընտրվում այն մարդիկ, որոնք պետք է խորքային հարցեր բարձրացնեն», – նշեց Էլիբեգովան։
Նա նշեց, որ ինքն էլ տարիներ առաջ մասնակցել է նման ձևաչափերի և անձամբ համոզվել է դրանց անարդյունավետության մեջ, քանի որ հնարավոր չէ երկխոսություն կառուցել մարդկանց հետ, որոնք չեն պատրաստվում լսել քեզ, եթե քո տեսակետը չի համընկնում իրենց պատկերացումներին։
«Հաշտեցման մասին խոսելն անհեթեթ է, երբ ատելությունը սնուցվում է պետական մակարդակով։ Ատելությունը սկսվում է մանկապարտեզից, դասագրքերից, հեքիաթներից։ Երեխաներին դաստիարակում են թունավոր գաղափարներով։ Եթե ուզում են իրական հաշտեցում, թող առաջին հերթին իրենք սկսեն՝ դաստիարակեն սերունդ, որը զերծ կլինի այդ ատելությունից։ Նոր միայն կարելի է խոսել հանդուրժողականության մասին», – ընդգծեց Էլիբեգովան։
Էլիբգովան շեշտեց, որ հայկական կողմը լռում է ամենակարևոր հարցերի շուրջ։ Նա հայկական կողմին քննադատեց Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, գերիների և էթնիկ զտումների վերաբերյալ լռության համար։
«Միայն գերիների հարցը չէ, որ մնում է անարձագանք։ Լռում են նաև Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին՝ թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ Ջերմուկի դեպքերի ժամանակ` 2022-ին, թե՛ արցախցիների էթնիկ զտումների ժամանակ` 2023-ին։ Պետական մակարդակով այդ մասին որևէ հիշատակում չկա։ Մինչդեռ Ադրբեջանը պետք է պատասխան տա միջազգային դատարաններում», – ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-22-ը Երևանում տեղի է ունեցել հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր սեղան–քննարկում։ Քննարկման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո ձևավորված խաղաղության օրակարգին, երկու հանրությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումներին, Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության ձևավորման հնարավոր ուղիներին, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատման հեռանկարներին։
Նշենք, որ քաղահասարակության անվան տակ Հայաստան են ժամանել Քամալ Մահմեդովը, որը ադրբեջանական հակահայկական քարզչություն տարածող կայքերից մեկի գլխավոր խմբագիրն է, Ռուսիֆ Հուսեյնովը, որը քաղաքական վերլուծաբան է` Բաքվի իշխանության պրոպագանդիստներից, Դիլյարա Էֆենդիևան, որը ադրբեջանցի այսպես կոչված էկոակիտիվիստների առաջամարտիկներից էր, որոնք 2022թ. դեկտեմբերի 12-ից փակեցին Լաչինի միջանցքն ու սկիզբ դրեցին Արցախի մեկուսացման ու հայաթափման։