Логотип

Ադրբեջանը կարողանալո՞ւ է Սյունիքով զենք և զորք տեղափոխել Նախիջևան. Փաշինյանի պատասխանը

«Թրամփի ուղու» շրջանակում ամեն ինչ պետք է լինի սկզբունքների հիման վրա։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանը կարողանալու է Սյունիքով զենք և զորք տեղափոխել Նախիջևան։

«Մենք մեզ պետք է հարց տանք` մենք ուզո՞ւմ ենք, որ մեր զենքն ու զորքն անցնի Նախիջևանի տարածքով։ Որովհետև մեր իրականության մեջ կա այդ խնդիրը, որ մենք միշտ խոսում ենք ուրիշների մասին, սակայն չենք խոսում մեր մասին։ Երբ որոշենք, որ մենք ուզում ենք, որ Նախիջևանի տարածքով երկաթգծով դեպի Մեղրի և հակառակ ուղղությամբ զենք տեղափոխել, նման թեմայով բանակցություններ կբացենք։ Եթե մենք որոշենք, որ չենք ուզում, ապա կորդեգրենք համապատասխան բանաձև ու այդպես շարունակ»,– հայտարարեց նա։

Ըստ նրա` ցանկացած հարց, որ վերաբերում է տարածաշրջանային ենթակառուցվածքների բացմանը և «Թրամփի ուղուն», պետք է դիտարկել 5 հիմնական սկզբունքների հիման վրա. դրանից դուրս այլ քննարկում չի կարող լինել։

Sputnik Արմենիա