Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքի Ալիշեր Նավոյի անվան ուզբեկական լեզվի և գրականության համալսարանում տեղի է ունեցել «Արևմտյան Ադրբեջանի պատմություններ» գրքի շնորհանդեսը, որը պատրաստվել է «Արևմտյան Ադրբեջանի թեման թյուրքական աշխարհում» նախագծի շրջանակներում, որն իրականացրել է Աշխարհի երիտասարդ թուրք գրողների միությունը (WGTYB)՝ Ադրբեջանի Հանրապետության ոչ կառավարական կազմակերպություններին պետական աջակցության գործակալության նվիրատվությամբ։
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է, որ վերջին տարիներին Ադրբեջանը հետևողականորեն միջազգային տարաբնույթ հարթակներում ձևավորում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի մշակույթի» գաղափարական հիմքերը։ Եթե դիտարկենք այս իրադարձությունը լայն համատեքստում, ապա այն ոչ թե պարզապես գեղարվեստական գրականության ներկայացում է, այլ մշակութային քաղաքականության դրսևորում, որի նպատակն է տարածել ադրբեջանական նարատիվը Հայաստանի պատմական տարածքների նկատմամբ՝ այն ներկայացնելով իբր որպես կորսված հայրենիք և մշակութային ժառանգության մի մաս։
«Շնորհանդեսը տեղի է ունեցել թյուրքական աշխարհի մտավոր շրջանակների ներգրավմամբ։ Այսպես Ադրբեջանը փորձում է օգտագործել թյուրքական երկրների մշակութային և կրթական հարթակները՝ տարածելու այն գաղափարը, թե «Արևմտյան Ադրբեջանը» եղել է ադրբեջանական ինքնության կենտրոն։ Այս գիրքը, որը պատրաստվել է «Աշխարհի երիտասարդ թուրք գրողների միության» և Ադրբեջանի պետական ֆինանսավորմամբ, ընդգրկում է պատմվածքներ, որտեղ տեղահանության, հիշողության և ինքնության թեմաները ներկայացվում են ադրբեջանական տեսանկյունից՝ վերածվելով քաղաքականացված մշակութային գործիքի։
Վերջին տարիներին նկատելի է մի համակարգված քաղաքականություն՝ ստեղծել և հանրայնացնել այն, ինչ Ադրբեջանն անվանում է «արևմտյան ադրբեջանական մշակույթ»։
Նմանատիպ նախագծերը՝ գրքերի, ֆիլմերի, ցուցահանդեսների, ուսումնական ծրագրերի տեսքով, մի ընդհանուր նպատակ ունեն՝ ստեղծել ամբողջական մշակութային նարատիվ, որը հաստատում է «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը՝ որպես իրականություն։ Բաքուն այս ուղղությամբ օգտագործում է ոչ միայն պետական, այլև ոչ կառավարական կառույցների, գրողների միությունների և երիտասարդական նախաձեռնությունների հնարավորությունները՝ որպես մշակութային գործընթաց։
Սակայն այստեղ մշակույթն օգտագործվում է որպես քաղաքական գործիք՝ պատմության վերաշարադրման և տարածքային հավակնությունների գաղափարական հիմնավորման համար։ Այս գիրքը, ինչպես և դրա շնորհանդեսը Ուզբեկստանում, մաս են կազմում նույն քարոզչական ցանցի, որի նպատակն է միջազգային հանրությանը ներկայացնել Արևմտյան Ադրբեջանը՝ իբր պատմականորեն գոյություն ունեցած և այժմ վերաիմաստավորվող ինքնություն»,- գրում է կայքը։
News.am
