Ադրբեջանում մոտ ապագայում կարտադրվեն արբանյակներ։ Ինչպես հայտնում է APA-ն, այդ մասին հայտարարել է «Ազերկոսմոս»-ի վարչության նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Դունայ Բադիրխանովը՝ «Տիեզերքից բխող հնարավորություններ. մեր տիեզերական դիտարկումների 10-ամյա ներդրումը սոցիալ-տնտեսական զարգացման գործում» խորագրով միջոցառմանը։
Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ արդեն կոնկրետ քայլեր են ձեռնարկվել։
«Վերջին մեկուկես տարվա ընթացքում, չնայած քաղաքական դժվարին իրավիճակին, մեր հետազոտական և զարգացման թիմը ինտենսիվ վերապատրաստում է անցել Իսրայելում՝ «Azersky-2» արբանյակի արտադրության նախագծի շրջանակներում: Ավարտվել են տիեզերանավի մշակման կենտրոնի նախագծման և ինժեներական աշխատանքները, որոնք կներառեն արբանյակների արտադրության կենտրոն և արտադրական անձնակազմի համար նախատեսված հարմարություններ: Կենտրոնի տեղն արդեն ընտրվել է և շինարարությունը կսկսվի առաջիկա ամիսներին:
Մեր արբանյակի համար որպես կրող հրթիռ մենք ընտրել ենք «SpaceX» ընկերությունը»։
Բացի այդ, Դ. Բադիրխանովը նշել է, որ «Ազերկոսմոսի» պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել է դուստր ձեռնարկություն՝ Տիեզերական սարքերի արտադրության կենտրոն (Spacecraft Development and Production ՍՊԸ)։ Այս ձեռնարկությունը կնպաստի տիեզերական սարքերի արտադրության նախագծերի առավել արդյունավետ իրականացմանը։
News.am