Логотип

Ադրբեջանի խորհրդարանում քննարկում են Վաշինգտոնի համաձայնագրերը

Միլլի Մեջլիսի (ՄՄ) արտահերթ նստաշրջանի շրջանակներում սկսվել է «Վաշինգտոնյան համաձայնագրեր. խաղաղ դիվանագիտության և իմաստուն առաջնորդության հաղթանակը» թեմային նվիրված հատուկ նիստ: Ինչպես հաղորդում է Report-ը, հատուկ նիստը վարում է ՄՄ խոսնակ Սահիբա Գաֆարովան:

Հանդիպմանը Գաֆարովան ընդգծել է, որ Զանգեզուրի միջանցքը փոխում է Եվրասիայի տրանսպորտային քարտեզը և բացում նոր հնարավորություններ։

Նրա խոսքով՝ Զանգեզուրի միջանցքը շատ լուրջ նշանակություն ունի։

Գաֆարովան նշել է, որ միջազգային հանրությունը դրականորեն է արձագանքել Վաշինգտոնի համաձայնագրերին։

Բանախոսը, անդրադառնալով նաև սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցմանը, ընդգծել է, որ դա կնպաստի խաղաղության գործընթացին։

Գաֆարովան պատմական է անվանել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունները։

«Նախագահ Իլհամ Ալիևի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ձեռք բերված համաձայնությունները պատմական նշանակություն ունեն Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար։ Դրանք ազդել են ոչ միայն ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների և խաղաղության օրակարգի, այլև ամբողջ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վրա», – ասել է խոսնակը։

Գաֆարովայի խոսքով՝ այդ պատմական համաձայնագրերը, որպես համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի քաղաքական ուղղության շարունակություն, կարելի է համարել խոշորագույն հաջողություններից մեկը։

News.am