«Անցյալ ամիս Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո մենք մտնում ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատմական դարաշրջան, և, հետևաբար, մենք նպատակահարմար համարեցինք տեղեկացնել մեր ավստրիացի գործընկերներին և ընկերներին ստեղծված իրավիճակի մասին»։ Ըստ APA-ի, այս մասին Austria Press գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Խախտելով բոլոր պայմանավորվածությունները՝ Ամիրբեկովը շարունակել է առաջ քաշել լրացուցիչ պահանջներ՝ հայտարարելով «ՀՀ գործող Սահմանադրությունից բխող խնդրի» մասին։ «Մասնավորապես, Սահմանադրության նախաբանում կան տարածքային պահանջներ Ղարաբաղի վերաբերյալ», – հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը։ «Ստորագրված խաղաղության պայմանագիրը ենթադրում է տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում», – նշել է Ամիրբեկովը։ Ամիրբեկովը, իհարկե, չի անդրադարձել այն հարցին, թե արդյոք Ադրբեջանը մտադիր է փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ և հրաժարվել իր անկախության հռչակագրից, որը գրեթե ամբողջ Հայաստանը հայտարարում է «ադրբեջանական տարածք»։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանն ունի երկարատև խաղաղության և կայունության հսկայական ներուժ։ Էլչին Ամիրբեկովը որպես այս ուղղությամբ կարևոր քայլ նշեց 43 կիլոմետրանոց ճանապարհի և երկաթուղու կառուցումը, որը կապում է Արևմտյան Ադրբեջանը Նախիջևանի հետ։
«Խոսքը միայն Ադրբեջանի երկու մասերի վերամիավորման մասին չէ, այլ նաև Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ասիայի և Եվրոպայի միացման մասին է», – ասաց նա։ «Սա խաղաղության նախագիծ է, որը քաղաքական կամքի դեպքում կարող են շահել տարածաշրջանում բոլորը»։
News.am