Логотип

Ադրբեջանի նախկին առաջին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) Ռամիզ Մեհդիևի գործով ներգրավել է Ադրբեջանի նախկին առաջին փոխվարչապետ Աբբաս Աբբասովին։

Նշվում է, որ Ա. Աբբասովը «երկար տարիներ աննկատ է մնացել՝ Ռամիզ Մեհդիևի հովանավորության շնորհիվ»։ Քանի որ նա գտնվում է Ադրբեջանից դուրս և խուսափում է հետաքննությունից․ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Աբբաս Աբբասովը 1992 թվականից զբաղեցրել է Ադրբեջանի փոխվարչապետի պաշտոնը։ Այդ ժամանակահատվածում նա գլխավորել է մի քանի պետական հանձնաժողովներ։ 2006 թվականին զբաղեցրած պաշտոնից ազատվելուց հետո սկսել է բնակվել Ռուսաստանում։

«Անցած ժամանակահատվածում Ա. Աբբասովն իրականացրել է քայքայիչ գործունեություն՝ ուղղված Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի կառույցների զավթմանը և տարբեր ապօրինի եղանակներով հպատակեցմանը։ 2012 թվականին նա դարձել է «Միլիարդատերերի միություն» անվամբ հայտնի սկանդալային կազմակերպության՝ Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միության հիմնադիրն ու ղեկավարը… Ռուստամ Իբրահիմբեկովը՝ 2013 թվականի սկզբին Ադրբեջանում Ալի Քերիմլիի և նրա շրջապատի կազմով ձևավորված «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» (ԺՈՒԱԽ) ղեկավարը, նույնպես եղել է «Միլիարդատերերի միության» համակարգող խորհրդի անդամ՝ Աբբաս Աբբասովի անմիջական ղեկավարությամբ»։

«Ստացված տեղեկատվության համաձայն՝ նշված անձանց և կազմակերպությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համապատասխան՝ առգրավվել և քրեական գործին են կցվել տարբեր ուղիներով Ադրբեջան փոխանցված դրամական միջոցները, ինչպես նաև այդ գործարքների ու գործընթացների մասնակիցներին տրված խոստումներին վերաբերող աուդիո և տեսագրությունները, արտերկրում տեղի ունեցած հանդիպումների մասին նյութերը և Ադրբեջանում սահմանադրական պետական իշխանությունը բռնի ուժով զավթելու ծրագրերը։ Դրանք լայնորեն կհրապարակվեն բաց դատական քննության ընթացքում»,- ասված է հայտարարության մեջ։

News.am