Ադրբեջանի 8 քաղաքացիներ ձերբակալվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) օգնելու և ահաբեկչական ու դիվերսիոն գործողությունների նախապատրաստմանը մասնակցելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է AzTV հեռուստաալիքը, հղում անելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հայտարարությանը։
Նշվում է, որ ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել պայթուցիկ նյութերի պատրաստման և փոխանցման, ինչպես նաև օտարերկրյա հետախուզական ծառայության համար առաջադրանքներ կատարելու համար։ Նրանց սպառնում է 6,5 տարվա ազատազրկում։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ հակահետախուզական գործողությունների ընթացքում «կանխվել են ահաբեկչական սադրանքները և հետախուզական տվյալներ հավաքելու փորձերը»։
Նշվում է, թե հնարավոր թիրախների թվում են եղել Բաքու-Ջեյհան նավթատարը, Իսրայելի դեսպանատունը, սինագոգը և հրեական համայնքի առաջնորդը։
Այսօր ավելի վաղ, Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին մեկնաբանել էր Նախիջևանում անօդաչու թռչող սարքի միջադեպը և հայտարարել , որ Թեհրանը կապի մեջ է Ադրբեջանի հետ և արդեն պարզաբանել է, որ որևէ պատասխանատվություն չի կրում կատարվածի համար։
Մարտի 5–ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Իրանի տարածքից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են իրականացվել, որի հետևանքով վիրավորվել է չորս մարդ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հանրապետության զինված ուժերին հանձնարարվել է «պատասխան միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ»։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, իր հերթին, հերքել էր Նախիջևանում կատարվածի վերաբերյալ Թեհրանի մասնակցությունը։
Sputnik Արմենիա
