Բացվել է ևս մեկ «Օվերտոնի պատուհան»
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
««Օվերտոնի պատուհանները» Հայաստանում շարունակում են բացվել։ Եվ այսօր քարոզչական մեքենան աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի «ՀՀ քաղաքացիների աչքին սովորական դարձնի» Հայաստանում, հայկական տեղեկատվական դաշտում ադրբեջանցիների ներկայությունը։
Պատահական չէ, որ հենց այս օրերին Հայաստան էին այցելել ադրբեջանցի երիտասարդ աղջիկներ, որոնք մի քանի օր անցկացրեցին երկրում, և որոնց ակտիվությունը լուսաբանում էր փաշինյանական քարոզչությունը։ Հազարավոր ադրբեջանցիների՝ Հայաստան վերաբնակեցման նախաշեմին նմանատիպ ակցիաները շատ կարևոր են Նիկոլ Փաշինյանի համար։ Նրա համար ոչ պակաս կարևոր է նաև հայկական քաղաքական դիսկուրսում ադրբեջանցիների ներկայությունը։
Այդպիսի ադրբեջանցիներից մեկը «այլախոհ» Արիֆ Յունուսովն է, որը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ոչ միայն կրկնեց ալիևական քարոզչական սուտը, թե իբր ««Արևմտյան Ադրբեջանի» համայնքի գործունեությունը դադարեցված է», այլև անկեղծորեն հայկական հեռուստադիտողներին պատմեց, թե իրականում ինչի մասին է օգոստոսի 8-ի վաշինգտոնյան պայմանավորվածությունը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպման արդյունքներով երեք երկրների ղեկավարները ստորագրել են 7 կետից բաղկացած հռչակագիր։ Պաշտոնական տարբերակն այն է, որ փաստաթուղթը, մասնավորապես, հռչակում է կողմերի ԱԳ նախարարների կողմից «խաղաղության պայմանագրի» նախաստորագրումը, երկու երկրների ԱԳ նախարարների հայտարարության ստորագրումը՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները լուծարելու մասին, Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցությանն ուղղված ջանքերը, ինչպես նաև ՀՀ-ի՝ ԱՄՆ-ի և երրորդ երկրների հետ համագործակցությունը՝ ՀՀ տարածքում «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղի» նախագծի իրականացման շրջանակները որոշելու համար։
Ղազարյանին տված հարցազրույցում Յունուսովն ուղիղ ասել է, որ տեղի ունեցողը պարզապես տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու գլոբալ քաղաքականության մի մասն է։ Այս գործընթացում ՀՀ-ի համար շոշափելի շահեր չկան. սա պարզապես գլոբալիստների փորձն է՝ ի հաշիվ Հայաստանի, նրա շահերի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հաշվին վնասել Ռուսաստանին, փորձել ավելի լիարժեք դարձնել ՌԴ-ի տրանսպորտային, ենթակառուցվածքային շրջափակումը։
Ավելին, Յունուսովը Հանրային հեռուստատեսության եթերում խոսում էր այն մասին, որ տարածաշրջանից ՌԴ-ին դուրս մղելու գործընթացը կհանգեցնի Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը։ Յունուսովը ճիշտ է. աշխարհաքաղաքականության մեջ վակուում չի լինում, և ՌԴ-ի տեղը ինչ-որ մեկը պետք է զբաղեցնի։ Եվ այդ «ինչ-որ մեկը» ո՛չ ԵՄ-ն է, ո՛չ էլ նույնիսկ ԱՄՆ-ը, այլ՝ Թուրքիան։ Նույնիսկ ադրբեջանցի քարոզիչը հասկանում է և խոսում է այն մասին, որ Հայաստանին սպասվում է ինտեգրում թյուրքական աշխարհին՝ առանց անվտանգության երաշխիքների, ինչը հավասարազոր է գոյության հեռանկարների բացակայությանը։
Մտածե՛ք այդ մասին․․․»։