Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողի գործով դատավարությունում (դատավոր՝ Վարդան Հարությունյան) մեկնարկել է գրավոր ապացույցների հետազոտման փուլը։
Ամենակարևոր ապացույցն այն էր, որ 2022-2023 թթ․ ինժեներասակրավորների վաշտին վառելիք չի հատկացվել։ Ազատ գյուղի կացարանը պետք է ջեռուցվեր էլեկտրական տաքացուցիչով։ Պարզվում է՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբից այդ տաքացուցիչները չեն տրամադրվել։
«Ապացույցներով հիմնավորվում է, որ վառելանյութ չի հատկացվել։ Ենթադրաբար կացարանը պետք է ջեռոցներով տաքացվեր։ Այդ ձմեռ, առհասարակ, չպետք է կացարանում վառարան լիներ։ Եթե ջեռուցումն էլեկտրական տաքացուցիչով լիներ, ապա գուցե այս ողբերգությունն էլ տեղի չունենար։ Կացարանի հրդեհից 1,5 ամիս առաջ ԶՈւ թիկունքի պետը, ով նաև այդ ոլորտը համակարգողն է, իրականացված ծառայողական քննություններից հետո հանգել էր հետևության, որ հակահրդեհային համակարգը ԶՈւ-ում վատ վիճակում է, ճգնաժամ կա ու խնդիրները շուտափույթ լուծում են պահանջում»,- այս մասին նիստի ժամանակ ասաց տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։
Նրա խոսքով՝ ստացվում է, որ դեպքից ընդամենը 1,5 ամիս առաջ ամենաբարձր մակարդակով է ասվել, որ այդ ոլորտում փնթի վիճակ է։ Նորիկյանը նշեց նաև, որ այդ ժամանակվա ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ անհրաժեշտ է վերափոխել հակահրդեհային պայքարի ամբողջ համակարգը, ըստ էության՝ 760-ով ավելացնելով հաստիքները։
Փաստաբանը նշեց՝ ստացվում է կացարանի հրամանատարական կազմն ինքնուրույն է որոշում կայացրել վառարան տեղադրելու։
Նիստի ընթացքում քննարկվեց նաև մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին միջնորդությունը։ Հանրային մեղադրողը նշեց, որ խափանման միջոցի համար ընտրված կալանքի վերաբերյալ հիմքերը շարունակում են առկա լինել ու միջնորդեց Հակոբյանի կալանքը 3 ամսով երկարաձգել։
Նորիկյանն էլ համաձայնեց դատախազի արտահայտած դիրքորոշմանը ու ևս շեշտեց՝ Եղիշե Հակոբյանի կալանքն այս փուլում անհրաժեշտ է երկարաձգել։
Զոհված զինծառայողների ծնողների նյարդերը այս հարցի քննության ժամանակ տեղի տվեցին։ Նրանցից մեկը բարկացավ և հայտարարեց՝ Եղիշե Հակոբյանին պետք է գնդակահարել կամ ցմահ ազատազրկել։
Դատավոր Վարդան Հարությունյանը հանգստության կոչ արեց ու բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունը, ինչի արդյունքում մեղադրյալի կալանքը 3 ամսով երկարաձգվեց։
Նշենք, որ առաջիկա նիստերին դատարանում հետազոտվելու են իրեղեն ապացույցները, իսկ դրանց ավարտից հետո արդեն սկսվելու է մեղադրյալների հարցաքննությունը։ Այդ ժամանակ հարցաքննվելու են Եղիշե Հակոբյանը և մնացած 4 մեղադրյալները։
Sputnik Արմենիա
