Հաջորդ շաբաթ Ազատության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք` ի աջակցություն գործարար, բարերար, Սամվել Կարապետյանի։ Այս մասին «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովի ժամանակ հայտարարեց շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը։
«Գնալու ենք` պահանջելու արդարադատություն, գնալու ենք` պահանջելու ազատություն, արդարություն Սամվել Կարապետյանի համար»,– ասաց Ալեքսանյանը։
Ինչպես հայտնի է, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը, օգոստոսի 29–ին հայտարարեց «Մեր ձևով» կամավորական շարժման ստեղծման մասին` ընդգծելով, որ Սամվել Կարապետյանը կլինի շարժման գաղափարական առաջնորդը։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
Sputnik Արմենիա