Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 17-ի արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Առողջապահության համապարփակ ապահովագրության մասին» օրենքը, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխությունները։
Փոխհատուցումը, որն ընդհանուր առմամբ կծածկի առավել պահանջված բժշկական ծառայությունների շուրջ 30%-ը, կտարածվի դեղերի որոշակի տեսակների վրա։ Եթե քաղաքացիները ցանկանան ձեռք բերել ավելի թանկ դեղամիջոցներ, ապա նրանք ստիպված կլինեն վճարել գնային տարբերությունը։
Ինչ վերաբերում է բժշկական օգնությանը, ապա «շտապօգնության» միջոցով պացիենտին հիվանդանոց տեղափոխելիս, ինչպես նաև հետագա ստացիոնար բուժման կամ վիրահատության դեպքում համապատասխան ծառայությունները կվճարվեն սահմանված գումարի շրջանակներում։ Անհրաժեշտության դեպքում պացիենտը պետք է ինքնուրույն վճարի գերազանցող մասը։ Հետագայում նախատեսվում է ներդնել գործակիցներ, որոնք կնվազեցնեն պետական վճարները այն քաղաքացիների համար, ովքեր չարաշահում են ծխախոտը և ալկոհոլը։
Եթե «շտապօգնության» կանչից և հետազոտությունից հետո պացիենտը հոսպիտալացման ուղեգիր չստանա, բայց, այնուամենայնիվ, անհրաժեշտ համարի անցնել բուժման կուրս, նրան հետազոտության համար կուղարկեն պոլիկլինիկա։ Ապահովագրությունը տարածվում է հետազոտությունների վրա, սակայն այդ դեպքում ստացիոնար բուժումը վճարվում է քաղաքացու կողմից։
Ապահովագրական ծածկույթ ստանալու համար քաղաքացիները պետք է ներբեռնեն Առողջապահության նախարարության Armed հավելվածը և գրանցվեն։ Հավելվածը գործարկվել է COVID-19 համավարակի ժամանակ և այս պահին ունի շուրջ 700 հազար ակտիվ օգտատեր։ Այն տարեցներին, ովքեր չեն կարողանա ինքնուրույն գրանցվել, կօգնեն ամբուլատորիաների աշխատակիցները. նրանց կզանգահարեն և կցուցաբերեն աջակցություն։
Հավելվածում կհրապարակվեն ապահովագրությամբ հասանելի բժշկական ծառայությունների ցանկերը, ինչպես նաև պարտադիր պլանային հետազոտությունների ժամկետները։ Օգտատերերը կստանան համապատասխան հիշեցումներ։ Պարտադիր հետազոտությունները բաց թողնելու դեպքում ապահովագրությունը կկասեցվի մինչև դրանց անցնելը։ Այս մեխանիզմի ներդրումը նախատեսվում է 2028 թվականից։
Ապահովագրական բազային վճարը սահմանվել է ամսական 10,800 դրամ։ Այդ գումարի մի մասը կփոխհատուցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվող նախկին հատկացումների հաշվին։ Հիմնադրամին ուղղվող մասհանումները, որոնք բարձրացվել էին 2021 թվականին, կվերադառնան նախկին մակարդակին՝ 1000 դրամ և կախված չեն լինի աշխատավարձի չափից։
200 հազարից մինչև 500 հազար դրամ եկամուտ ունեցող քաղաքացիների համար հիմնադրամին կատարվող ներկայիս հատկացումները կազմել են 5500 դրամ, իսկ բարեփոխումից հետո կնվազեն մինչև 1000 դրամ։ 4500 դրամի չափով տարբերությունը կուղղվի ապահովագրական վճարին։ Բացի այդ, նման քաղաքացիները կկարողանան մինչև 6000 դրամ ստանալ՝ սոցիալական կրեդիտների տեսքով, որոնք իրենցից ներկայացնում են հարկային հայտարարագիր ներկայացնելիս կրթության և առողջապահության ծախսերի վերադարձը։ Ընդհանուր առմամբ նրանց կփոխհատուցվի 10,500 դրամ և նրանց փաստացի ամսական բեռը կկազմի ընդամենը 300 դրամ։ Սոցիալական կրեդիտները կվերադարձվեն հետադարձ ուժով՝ հայտարարագիրը ներկայացնելուց հետո։ Սակայն 2026 թվականին պետությունը միանգամից կսուբսիդավորի 6000 դրամը բնակչության այս խմբի համար՝ առանց սպասելու մեկ տարի անց հայտարարագրի ներկայացմանը։
500 հազարից մինչև 1 մլն դրամ եկամուտ ունեցող քաղաքացիների համար Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվող վճարները կազմում են 8500 դրամ։ Այս գումարից 7500-ը կվերահասցեագրվի բժշկական ապահովագրությանը։ Սոցիալական կրեդիտների հաշվին նրանք կկարողանան ծածկել ամսական մինչև 4000 դրամ, ինչը պոտենցիալ կերպով թույլ կտա ամբողջությամբ փոխհատուցել ապահովագրական վճարները։
1 մլն դրամից բարձր եկամուտ ունեցող քաղաքացիները կպահպանեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվող հատկացումների նախկին չափը՝ 15,000 դրամ։ Միևնույն ժամանակ, նրանք նույնպես կարող են մինչև 4000 դրամի չափով սոցիալական կրեդիտ ակնկալել՝ ապահովագրական վճարները ծածկելու համար
Բացի այդ, առաջարկվող միջոցառումների թվում է պետական ապահովագրական հիմնադրամի ստեղծումը։ Առաջին երեք ամիսը հիմնադրամը կգործի ժամանակավոր կառավարման ներքո, այնուհետև դրա տնօրենների խորհուրդը կձևավորվի պետական մրցութային հանձնաժողովի կողմից։
2026 թվականին բժշկական ապահովագրության համակարգի ներդրման համար Հայաստանի պետական բյուջեից նախատեսվում է 127 միլիարդ դրամ հատկացնել։ Միջոցները կառավարելու է Առողջապահության ապահովագրության պետական հիմնադրամը։ Դրա ղեկավարն ամեն տարի խորհրդարանում հաշվետվություն կներկայացնի կատարված աշխատանքի, ֆինանսական միջոցների շարժի, ինչպես նաև հաջորդ տարվա միջոցառումների ծրագրի վերաբերյալ։
Անցումային շրջանում պետական և մասնավոր բժշկական հաստատությունները պետք է ներդրումներ կատարեն զարգացման ոլորտում՝ իրենց կարողություններն ընդլայնելու համար
Համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգին անցնելու առաջին փուլը կսկսվի 2026 թվականին։ Համակարգը կներառի երկու խումբ՝ պետության կողմից ապահովագրված անձինք (18 տարեկանից փոքր անչափահասներ, 65 տարեկանից բարձր քաղաքացիներ, I-III խմբի հաշմանդամություն ունեցող 18-65 տարեկան անձինք և 28 միավոր կամ ավելի բարձր սոցիալական անապահովության մակարդակ ունեցող ընտանիքներ), ինչպես նաև ամսական 200,000 դրամից ավելի եկամուտ ունեցող 190,000 աշխատող քաղաքացիներ։ Առաջին կատեգորիայի համար պետությունը կհոգա ամբողջ ծախսերը։
News.am
