«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը համեմատել է Հարավային Կովկասի երեք մայրաքաղաքների օդի ինքնամաքրման համար առկա պայմանները։ Նրա խոսքով՝ օդի ինքնամաքրման համար ֆիզաշխարհագրական տեսանկյունից Երևանն ամենախոցելին է, Թբիլիսին՝ միջին, իսկ Բաքուն ունի ամենաբարենպաստ բնական պայմանները։
Քաղաքների օդի որակի վրա, ըստ Ազիզյանի, մեծ ազդեցություն ունեն ոչ միայն մարդածին գործոնները, այլև ֆիզաշխարհագրական պայմանները՝ ռելիեֆը, օդափոխությունը, գերիշխող քամիները, ծովի կամ հովտի ազդեցությունը։
Երևանի աղտոտման կուտակման բարձր ռիսկը, ըստ նրա, պայմանավորված է փակ Արարատյան գոգավորությամբ, թույլ քամիներով և հաճախակի ջերմային ինվերսիաներով։
Նա նշել է, որ Բաքուն ունի լավագույն բնական օդափոխությունը՝ շնորհիվ Կասպից ծովի անմիջական ազդեցության, մշտական ուժեղ քամիների, բաց և հարթ ռելիեֆի։ Թբիլիսին ունի միջին պայմաններ, քանի որ գտնվում է Կուր գետի հովտում, գետի ուղղությամբ ձևավորվում են տեղային քամիներ, որոնք նպաստում են օդի մասնակի փոխանակմանը և տեղափոխմանը, նաև մասամբ է շրջապատված լեռներով։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանում օդի աղտոտվածության բարձր մակարդակը բացատրել էր տարածաշրջանային գործոններով, հրդեհներով և նշել է, որ այն սեզոնային է։
Armenia Today
