Логотип

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ-ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի տարածք

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան չի բացահայտել իր տվյալների աղբյուրը, որով ավելի վաղ պնդել էր, թե ՀՀ զինված ուժերը 90-ականներից վերահսկում են Ադրբեջանի մոտ 110 ք/կմ տարածք, իսկ Բաքուն վերահսկում է ՀՀ մոտ 200 ք/կմ տարածք։

Մասնավորապես «ArmComedy» փոդքաստում, խոսելով Ադրբեջանի կողմից 2021-22 թթ. Հայաստանի օկուպացված տարածքների մասին՝ Ալեն Սիմոնյանը հայտարարել է. «110 ք/կմ-ի չափով մենք ենք իրենց տարածքում, մոտավորապես, ոչ ոք չի կարող միլիմետրով ասել։ Ես պաշտոնապես ասում եմ, որ դեռ 90-ականներից սկսած մենք առաջ ենք։ Հիմա մենք դա ենք էս կողմ-էն կողմ տանում»: Եվ մոտ 200 ք/կմ նրանք մեր տարածքում են։ Պաշտոնապես ասում եմ, որ դեռ 90-ականներից կան տեղեր, որտեղ մենք առաջ ենք…», – ասել էր նա։

ՀՀ ԱԺ խոսնակը նմանօրինակ հայտարարություն արել է նաև 2025 թվականի սեպտեմբերին, բայց այն ժամանակ օգտագործել է «ենթադրենք» բառը։ Ընդ որում, նա նախկին խորհրդային ժամանակաշրջանի անկլավներից բացի խոսում էր այլ տարածքների մասին։

Sputnik Արմենիան գրություն էր ուղարկել ՀՀ ԱԺ նախագահին հետևյալ հարցերով:

1. Ո՞վ / ո՞ր կառույցն է իրականացրել հաշվարկը։

2. Արդյոք հաշվարկը կատարվել է ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի 1974-1978 թթ. քարտեզների հիման վրա (որոնցով սահմանազատում է կատարվում), թե՞ հաշվի է առնվել Google-ի քարտեզում նշված սահմանը։

Sputnik Արմենիային ԱԺ խոսնակի գրասենյակից հայտնել են, որ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու համար «լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտություն է առաջացել», և պատասխանը կուղարկվի 30-օրյա ժամկետում։ Ավելի ուշ ԱԺ մամուլի ծառայությունից հորդորել են դիմել սահմանազատման հարցերով հանձնաժողով։

«Տեղեկատվություն ստանալու հարցման շուրջ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով»,–նշել է ԱԺ մամուլի ծառայությունը:

Հավելենք, որ Sputnik Արմենիան արդեն իսկ կապ է հաստատել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի հետ հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար։ Հանձնաժողովից հրաժարվել են մեկնաբանել Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, միայն վկայակոչել են ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 2154-Ա որոշմամբ հաստատված աշխատակարգը։

«Հանձնաժողովներով ներկայացված պետությունների պաշտոնատար անձանց ցանկացած պաշտոնական հղում նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներին, որը դուրս է ԶԼՄ-ների համար հաղորդագրությունների բառացի բովանդակությունից, ինչպես նաև դրանց պարզաբանումները կամ մեկնաբանությունները չեն թույլատրվում և համարվում են անվավեր»,– հայտնել են ՀՀ փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման ՀՀ հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Հիշեցնենք` ավելի վաղ Sputnik Արմենիան հաշվարկել էր Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքների ծավալը և պարզել, որ Ալեն Սիմոնյանը տրամադրել է խիստ անճիշտ տվյալներ, կատարել է սխալ համեմատություն և փաստացի օրինականացրել է 2021-2022 թվականներին հայկական օկուպացված տարածքներից Ադրբեջանի զորքերը դուրս բերումից հրաժարվելը։