Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հաստատեց օրենքի նախագիծը, որով «Շողակաթ» հեռուստաընկերությունը, որի հիմնադիրը Հայ Առաքելական եկեղեցին է, կարող է փակվել։
Այդ պնդումն է արել հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, որը միակն էր, ով դեմ քվեարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանի և Սիսակ Գաբրիելյանի նախագծին։ ՔՊ պատգամավորները չեն առարկել պնդմանը։
Գալստյանի կարծիքով՝ նախաձեռնությունը ոչ միայն հոգևոր-մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերության, այլև Հայ Առաքելական եկեղեցու դեմ «իշխանությունների ասպատակության շրջանակում է»։
Թեև ՔՊ պատգամավորների նախագծում ուղղակիորեն նշված չէ հեռուստաընկերության անունը, բայց նրանք առաջարկում են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը փոխել այնպես, որ հանրային հեռարձակողների պարտադիր նվազագույն քանակը երեքից երկու դառնա: «Շողակաթ» հեռուստաընկերությունն այժմ հանրային հեռարձակող է։
Հակադարձելով ընդդիմադիր պատգամավորին՝ Ղազարյանը նշել է, որ նոր կարգավորմամբ գործելու ճկունություն կտրվի ՀՀ կառավարությանն ու Հանրային հեռարձակողի խորհրդին: Գաբրիելյանն էլ նշել է, որ պետության պոզիտիվ պարտականությունն ալիք պահելը չէ, այլ՝ բովանդակությունը քաղաքացիներին փոխանցելը:
«Մենք այս պահին ունենք 5 հաճախականություն կամ ալիք, 2-ը՝ ռադիոյում, 3-ը՝ հեռուստատեսությունում: Ամեն հանրային հեռարձակող կարող է ունենալ 2, 3 ալիք: Սա ալիքի մասին չէ, սա հանրային հեռարձակողի մասին է»,- ընդգծել է օրինագծի համահեղինակը:
ՔՊ պատգամավորների գնահատմամբ՝ խնդիրը քաղաքացիների հարկերից հավաքված գումարը նպատակային և թիրախային օգտագործելն է: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը տեղեկացրել է, որ նախաձեռնության առնչությամբ Հանրային հեռարձակողի խորհուրդն ունեցել է որոշ վերապահումներ, որոնք կառավարությունում քննարկվել են: Նա նշել է, որ քննարկումների արդյունքում կառավարությունը միաձայն որոշել է, որ նախագծի առնչությամբ առարկություններ չունի:
Նախագիծը կքննարկվի ԱԺ առաջիկա լիագումար նիստում։
Սեպտեմբերին ԶԼՄ-ները գրել էին, որ իշխանությունները ոչ միայն պատրաստվում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնել, այլև մտադիր են փակել եկեղեցու «Շողակաթ» հեռուստաալիքը։
Armenia Today