Պետական կառավարման համակարգի վերնախավը կրկին ստացել է պարգևավճարներ, սակայն այս անգամ այլ ձևաչափով։ Ինչպես գրում է «Ժողովուրդը», պարգևավճարները հիմա տրվում են ամսական վճարումներով՝ հաշվի առնելով նախորդ պարգևավճարների շուրջ սկանդալն ու դժգոհությունը։
Հունվարին հայտնի էր դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է փաստաթուղթ, որով խրախուսման ֆոնդից շուրջ 3 մլրդ դրամ է հատկացվել ՀՀ վերնախավին պարգևավճարներ տալու համար։ Բաժնի պետերը ստացել են մոտ 1,5–2 միլիոն դրամ, վարչության պետերը՝ 2,5–3 միլիոն դրամ, փոխնախարարները՝ 3,5–4,5 միլիոն դրամ, իսկ նախարարները՝ մինչև 6–7 միլիոն դրամ։
Օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Ազգային ժողովի պատգամավորները ստացել են շուրջ 670 հազար դրամ պարգևավճար՝ մարտ ամսվա համար։
ԱԺ աշխատակազմի մեծ մասի դեպքում հավելավճարները կազմել են 40-ից մինչև 400 հազար դրամ։
Իսկ գործադիր իշխանության համակարգում պարգևավճարների չափերը էականորեն բարձր են։ Ըստ թերթի՝ նախարար, փոխնախարար, տարբեր ստորաբաժանումների ղեկավարների պարգևավճարները սկսվում են ամսական 3 մլն դրամից։ Պարգևատրումների այս նախագիծը հաստատված է միայն երկրորդ կիսամյակի համար՝ մինչև ընտրություններ՝ մինչև հունիս։
«Ստացվում է յուրօրինակ ընտրակաշառք պետական համակարգին»,- գրում է թերթը։
Sputnik Արմենիա
