Логотип

ԱԼԵՆԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ. «ՄԵՆՔ ՄԻ ԳԾԻ ՎՐԱ ԵՆՔ ՆՐԱՆՑ ՀԵՏ, ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԷԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԵԼ ՄԵՐ ՏԱՐԱԾՔՈՒՄ»

Փաշինյանական խոսնակ Ալեն Սիմոնյանը շատ է սիրում իրեն ցույց տալ լրագրողների առջև և հաճախ ճեպազրույցներ է կազմակերպում՝ պատասխանելով հարմար հարցերին և ճարպկորեն խույս տալով անհարմարներից: Հասկանալի է, որ նա փորձում է ամրապնդել սեփական խարխլված դիրքերը կուսակցական թայֆայի հիերարխիայում՝ այն իրավիճակում, երբ ԶԼՄ-ները բացահայտ գրում են նրա տեղակալի մասին՝ որպես հաջորդ գումարման խորհրդարանի նախագահի հավանական թեկնածուի (եթե, իհարկե, ՔՊ-ին հաջողվի ինչ-որ հրաշքով վերարտադրվել որպես իշխող կուսակցություն)։ Սակայն անցած ուրբաթ սույն ինքնապարծը հրամցրեց միանգամից մի քանի հետաքրքիր հայտարարություններ։

ՍԿՍԵՆՔ ՆՐԱՆԻՑ, ՈՐ ԱՆՑԱԾ ՇԱԲԱԹ ՆԻԿՈԼԱԿԱՆ ՈՒՍԱՊԱՐԿԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ցույց տվեցին բացարձակ հավատարմությունը թուրքական շահերին։ Երևանում կայացած Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ադրբեջանցի գործընկերների բացակայության պայմաններում նրանք հաճույքով հանձն առան հայանպաստ առաջարկները մերժելու պարտականությունը և դեմ քվեարկեցին Արցախի ժողովրդի Հայրենիք վերադառնալու իրավունքի ապահովման պահանջով բանաձևի ընդունմանը:

Մեկնաբանելով այդ խայտառակությունը՝ Սիմոնյանն անմիջապես սլաքներն ուղղեց ընդդիմության վրա։ «Ուզում եմ հասկանալ, ո՞վ է պատրաստ ապահովել էդ մարդկանց հետ վերադարձը, անվտանգությունը»,- ասաց նա լրագրողներին՝ հավելելով, թե իբր՝ « ինչ-որ ժամանակ անց ինչ-որ մարդիկ, երբ հարաբերությունները կնորմալանան, կարող են գնալ, միգուցե իրենց տներում ապրել, եթե այդ հնարավորությունները լինեն»։ Եվ պաթոսով բացականչեց. «Էսօր ղարաբաղցիներ կա՞ն, որ ուզում են գնան, ՀՀ իշխանությունն ասում է՝ չէ, մի՞ գնացեք»։

Այս ցինիկ հայտարարությունները մենք չենք մեկնաբանի, ամեն ինչ առանց այդ էլ ակնհայտ է։ Բայց այ հետո Ալենը լրիվ ազատություն տվեց լեզվին ու հրամցրեց շատ ուշագրավ և անմիանշանակ խոստովանություններ:

Բանն այն է, որ լրագրողներից մեկը օրինակ բերեց Գազայի իրավիճակը, ոգեշնչելով խոսնակին այսպիսի ճառի. «Շատ լավ օրինակ բերեցիք: Այո՛, միջազգային հանրությունը հավաքվեց, և Գազայում հիմա ցեղասպանություն է տեղի ունենում: …Մենք կարող էինք երկրորդ Գազան դառնալ։ Կդնեին, Գազայի կվերածեին մեր տարածքը»։

Բայց սա էլ դեռ ամենը չէ։ Խոստովանական գլխավոր մարգարիտը Նիկոլի թիմակցի ևս մեկ հայտարարությունն էր։ Խոսելով ադրբեջանցիների հետ շփումների մասին՝ մոլի հայատյաց պատվիրակության Երևան կատարած աղմկահարույց այցի համատեքստում, նա ասաց հետևյալը. «Շփումները պահպանվում են, մենք այս շփումները խորացնելու ենք։ Երբ ասում եմ՝ «մենք», նկատի ունեմ նաև ադրբեջանական կողմին։ Իմ վերջին շփումներից իմ ընկալումն այն է, որ մենք մի գծի վրա ենք»։

Տես, է, ի՜նչ անսպասելի անկեղծություն… Պարզվում է, որ այսուհետ իշխանության ներկայացուցիչների համար «մենք»-ը իրենք են ու ադրբեջանցիները, և միասին «մի գծի վրա» են։ Մեծագույն ցանկություն է առաջանում շնորհակալություն հայտնել նախկին դերասանին, որը բացահայտ և առանց դեսուդեն ընկնելու խոստովանեց այն, ինչը վաղուց ակնհայտ է բոլորի համար և որևէ կասկածի ենթակա չէ. ՔՊ-ն և Ադրբեջանի իշխանությունները համախոհներ են, գործընկերներ և հանցակիցներ, որոնք գործում են սինքրոն և հետապնդում նույն հակահայկական նպատակները։

Ուրեմն ի՞նչ է ստացվում արդյունքում։ Ստացվում է հենց այն, որ հանձին իր առաջին դեմքերից մեկի՝ իշխանությունն ընդունեց երկու անառարկելի փաստ. նախ՝ եթե հայերը չլքեին իրենց Հայրենիքը, ապա ադրբեջանցիները ցեղասպանություն կկազմակերպեին, երկրորդ՝ Արցախը մեր տարածքն է։ Ո՞նց այստեղ չհիշենք փաշինյանական ոհմակի անդամների յոթնամյա վաղեմության անթաքույց երեսպաշտության և էժանագին պոպուլիզմի անհամար նմուշներից մեկը. «Աղդամը իմ հայրենիքն է»։

ՄԻ ԿՈՂՄ ԹՈՂՆԵՆՔ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՅՆ ՓԱՍՏԸ, ՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ գաղթի պահի դրությամբ արդեն կատարված էր. գրեթե 10-ամսյա տոտալ շրջափակումը համաշխարհային առաջատար փորձագետների կողմից ճանաչվել է հենց ցեղասպանություն։ Տվյալ դեպքում ավելի կարևոր է Սիմոնյանի այն խոստովանությունը, որ ՀՀ իշխանությունները մի գծի վրա են նրանց հետ, ովքեր «կդնեին, ցեղասպանություն կանեին»։ Եվ դա այն դեպքում, երբ աղետից անցել է ընդամենը երկու տարի, երբ Բաքվի բանտերում տարիներ շարունակ տասնյակ հայեր են տանջվում, երբ բազմաթիվ զինվորների ճակատագիրն անհայտ է մնում, իսկ Հայրենիքի կորստից հայ ժողովրդի ճնշող մեծամասնության ցավը չի մեղմանում…

Ոչ ոք չէր ստիպել Սիմոնյանին ասել այդ ամենը. դա ասվեց, ինչպես ասում են, միտքն ու խելքը տեղը վիճակում: Ուստի առավելևս արժեքավոր է նրա հայտնությունը, որն, ի դեպ, կարող է լինել բնավ ոչ պատահական։ Արժեր հիշեցնել խոսնակին 2023-ի սեպտեմբերին՝ 120 հազար արցախցիների գաղթի բառացիորեն նախօրեին իր շեֆի արտաբերած և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նիստի զրոյական արդյունքը (հօգուտ Բաքվի) կանխորոշած այն խոսքերը, թե «Արցախի բնակչության կյանքին սպառնացող անմիջական վտանգ չկա»։

Հիմա, ինչպես հավաստեց ՀՀ խորհրդարանի նախագահը, պարզվում է, որ եղել է արցախցիների կյանքին սպառնացող ամենասարսափելի և իրական վտանգը. ցեղասպանությունը: Այդ դեպքում Փաշինյանի հայտարարությունը բացատրվում է շատ պարզ. նա և ադրբեջանցիներն այն ժամանակ էլ էին «մի գծի վրա»։ Հայկական Արցախի ամբողջական բռնազավթման և ցեղասպանության գծի վրա։

Ոչ պակաս արժեքավոր է «մեր տարածքի» վերաբերյալ «վրիպասությունը»։ Գուցե Սիմոնյանը նկատի ուներ ոչ թե Արցախը, այլ Հայաստա՞նը, ազնվորեն զգուշացնելով, որ ադրբեջանցիները կարող են «երկրորդ Գազա» կազմակերպել Հայաստանի Հանրապետության տարածքում։

Ամեն դեպքում արձանագրում ենք գլխավորը: Ալեն Սիմոնյանը բաց տեքստով ընդունում է. Հայաստանի իշխանությունները «մի գծի վրա» են նրանց հետ, ովքեր արդեն ցեղասպանություն են գործել 2023-ին, կարող են կրկին ցեղասպանություն իրականացնել, եթե արցախցիները վերադառնան Հայրենիք և ընդունակ են ցեղասպանություն գործել Հայաստանի տարածքում:

Նման խոստովանությունը, պետք է ասել, շատ գնահատելի է։ Հատկապես այն ժամանակաշրջանում, երբ իշխանություններն անցել են իրենց համար գլխավոր, գոյաբանական խնդրին. պահպանել իշխանությունը 2026 թվականի ընտրություններից հետո։ Ամեն գնով: Այդ թվում՝ հարևանների հետ մի գծի վրա գործած ցեղասպանության։