ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առաջարկել է Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով ապահովել Հայաստանի տարածքով բեռնատարների անցումը Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Նախօրեին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Թեմայի շուրջ Alpha News-ը զրուցել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ:
«Թուրքական բեռնատարները նոր չէ, որ հայտնվել են Հայաստանում: Արդեն տևական ժամանակ է՝ դրանք կան, և թե ինչ կոնֆիգուրացիաներով են ներգրավված, ինչ կարգավորումների ներքո, հայտնի չէ: Ինչ վերաբերում է այսպիսի հրապարակային հայտարարություններին, դրանք տարբեր հասցեատերեր ունեն: Ալիևի բառամթերքի որոշակի փոփոխությունը՝ կապված կոմունիկացիաների ապաշրջափակման հետ, բավականին մեծ դրական ազդակ է գործող վարչապետի քաղաքականությանը»,- ասել է Ղևոնդյանը:
Նրա խոսքով՝ Ալիևի մեսիջը Փաշինյանը կարող է շատ բարձր գնով վաճառել նախընտրական փուլում:
Քաղաքագետը նշել է, որ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս պայմանական նշված ավտոմայրուղային ճանապարհն, ակնհայտ է, որ անցնելու է Արցախով: «Փաշինյանն էլ, իր հերթին, հակընդեմ հայտարարությամբ է հանդես գալիս: Պետք է հասկանալ, որ այս ամենը սինխրոն է: Այսինքն՝ այդ հայտարարությունները, հայտարարությունների կոնտեքստը, մեսիջների ձևակերպումները և ժամանակագրությունը սինխրոնություն են ենթադրում»,- հավելել է նա:
Ղևոնդյանը ցավով նշել է՝ պատերազմի ժամանակ էլ, հիմա էլ բոլոր գործընթացների ինֆորմացիայի ամենահավաստի աղբյուրը Ադրբեջանի ղեկավարն է. «Սա խոսում է այն մասին, որ «Զանգեզուրի միջանցք» ասածի հայաստանյան հատվածում ենթակառուցվածքային վերջնական կետը կդրվի 2028 թվականի կեսերին։ Այստեղ շատ հետաքրքիր հանգամանք է առաջանում՝ 2026 թվականին Հայաստանում ընտրություններ են: Սա մեսիջ է, որ Հայաստանում իշխանափոխություն չպետք է լինի»: