«Ոսկե արծիվ» մրցանակաբաշխության ժամանակ ռուսական կինեմատոգրաֆում իր ավանդի համար հատուկ մրցանակի է արժանացել ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, դերասան և կինոդրամատուրգ Ալեքսանդր Ադաբաշյանը, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր հարկ համարեցին ինձ հանձնել այս մրցանակը, և ասել, որ իմ վաստակն այս հարցում բավականին հարաբերական է, քանի որ իմ բազմաթիվ դերասանական մասնագիտությունները շատ լավ վարպետների մոտ որպես աշակերտ աշխատելու հետևանք են»,-մրցանակը ստանալիս ասել է Ադաբաշյանը:
Ալեքսանդր Ադաբաշյանը ծնվել է 1945 թվականին Մոսկվայում: 1970-ականներից սկսել է համագործակցել ռեժիսոր Նիկիտա Միխալկովի հետ, նրանք միասին նկարահանել են ռուսական կինոյի դասական դարձած ժապավեններ. դրանց թվում են՝ «Յուրայինների մեջ օտար, օտարների մեջ՝ յուրային» (1974) և «Սիրո ստրկուհին» (1975) ֆիլմերը, որտեղ Ադաբաշյանն աշխատել է որպես բեմադրող նկարիչ, իսկ «Անավարտ պիես մեխանիկական դաշնամուրի համար», «Հինգ երեկո», «Մի քանի օր Օբլոմովի կյանքից», «Սև աչեր» ֆիլմերում նա հանդես է եկել նաև որպես սցենարիստ:
«Ոսկե արծիվ» մրցանակը սահմանել է Ռուսաստանի Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ազգային ակադեմիան 2002 թվականին:
Sputnik Արմենիա
