Логотип

Ալեքսանդր ԿՌԻԼՈՎ․ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՑՈՒՄԸ ՖԱՆՏԱՍՏԻԿԱՅԻ ԺԱՆՐԻՑ Է

Ե. Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Բաքվի և Երևանի միջև Վաշինգտոնի պայմանավորվածությունները, ինչպես նաև այն, թե արդյոք դրանք կարո՞ղ են հանգեցնել Հարավային Կովկասից Ռուսաստանի հեռանալուն։

«Այդ ընթացքում շատ պայմանավորվածություններ եղան, բայց եթե Վաշինգտոնի պայմանավորվածությունները լուծեին Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների բոլոր խնդիրները, եթե ԱՄՆ-ը կարողանար փոխարինել բոլոր տերություններին, որոնք սահմանակից են այս տարածաշրջանին՝ և՛ Ռուսաստանին, և՛ Իրանին, և՛ Թուրքիային, ապա հնարավոր կլիներ խոսել տարածաշրջանից Ռուսաստանի հեռացման մասին: Բայց սա ֆանտաստիկայի ժանրից է, որն ի սկզբանե անիրագործելի է»,- ասել է Կռիլովը։

Փորձագետի խոսքով՝ ակնհայտ է, որ Վաշինգտոնի պայմանավորվածությունները դժվար թե խաղաղություն բերեն Հարավային Կովկասի տարածաշրջան։

«Լավ է, որ այդ գործընթացը շարժվում է ինչ-որ խաղաղ ուղղությամբ, բայց այստեղ մեծ կասկած են առաջացնում այն խնդիրները, որոնք դրված են ամերիկյան դիվանագիտության առջև։ Չեմ կարծում, թե գլխավոր խնդիրը Հարավային Կովկասը բարգավաճող տարածաշրջան դարձնելն է։ Ամերիկյան վարչակազմի համար կարևոր են սեփական շահերը՝ աշխարհի կարևոր տարածաշրջանում, այն է՝ Իրանի սահմանին, Իսրայել-ԱՄՆ-Իրան առճակատման հունով իրենց ռազմավարական ազդեցությունը հաստատելը։ Տարածաշրջանը կարող է լրացուցիչ խնդիրներ ունենալ, քանի որ տարածաշրջան են գալիս լրացուցիչ գլոբալ խաղացողներ։ Եվ կարելի է ենթադրել, որ նոր հակամարտություններ և նոր խնդիրներ կառաջանան տարածաշրջանի պետությունների համար»,- եզրափակել է Կռիլովը։

Alpha News