Ե. Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու Հայաստանի իշխանությունների որոշումը:
Փորձագետի խոսքով՝ Փաշինյանը մաքրում է քաղաքական դաշտը բոլոր պոտենցիալ հակառակորդներից՝ հաջորդ տարվա ընտրություններից առաջ։
«Փաշինյանը պատրաստվում է հաջորդ տարվա ընտրություններին, որոնք տեղի կունենան հունիսի սկզբին։ Նա հետևողական է իր գործողություններում. մաքրում է քաղաքական դաշտը բոլոր պոտենցիալ հակառակորդներից և ձգտում է անել այնպես, որ նրանք չկարողանան միավորվել և հանդես գալ միասնական դաշինքով։ Սկզբում նա միջոցներ ձեռնարկեց Հայ Առաքելական եկեղեցու դեմ, այնուհետև հարձակում եղավ Սամվել Կարապետյանի վրա, ով պաշտպանեց Հայ Առաքելական եկեղեցին։ Հիմա Փաշինյանը հանդես է գալիս Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրու իշխանությունների դեմ, որտեղ իշխանության են եկել Փաշինյանի հակառակորդները»,- ասել է Կռիլովը:
Փորձագետի խոսքով՝ Գյումրու քաղաքապետը քաղաքական ընդդիմախոսների թվում է, որոնք կարող են ստեղծել միասնական քաղաքական ուժ, որը կարող է միասնական ճակատով հանդես գալ Փաշինյանի դեմ հաջորդ խորհրդարանական ընտրություններում:
«Հենց սա է պատճառը: Ամեն ինչ քողարկվում է տարբեր կարգախոսներով. մեղադրանքներ հայ հոգևորականներին աշխարհիկ մեղքերի համար, ավանդական կոռուպցիոն մեղադրանքներ, իշխանությունը տապալելու կոչեր Սամվել Կարապետյանի կողմից, ով առաջարկել էր «իր ձևով» պայքար: Ըստ էության, Գյումրին պետք է դառնար միացյալ ընդդիմադիր շարժման բազան այս կարգախոսի ներքո։ Ուստի բավականին տրամաբանական է, որ Փաշինյանը քայլեր է ձեռնարկում նման սցենարը չեզոքացնելու ուղղությամբ»,- եզրակացրել է Կռիլովը։