Նման ճանապարհի կառուցումը կնպաստի Եվրասիայի համար ընդհանուր տրանսպորտային շրջանակի ձևավորմանը։ Եվ եթե նման ճանապարհ հայտնվի, այն, ի թիվս այլ բաների, կնպաստի նաև Ռուսաստանի հետ Հայաստանի կապին։ Այս մասին TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով «ԱՄՆ-ում համաձայնեցված Հայաստանի տարածքով անցնող տրանսպորտային երթուղու» մասին հարցին։
Նա հավելել է, որ ըստ ռուսական կողմի գնահատականների՝ «սա, թերևս, կլինի մեր երկրների միջև բեռնափոխադրումների համար նախատեսված հիմնական ճանապարհը»։
«Իհարկե, մենք այս հարցը քննարկել ենք ինչպես իմ՝ Երևան կատարած այցի, այնպես էլ Աստրախանում ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ։ Մենք հասկանում ենք, թե ինչպես դա տեղի կունենա», – նշել է Օվերչուկը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանում գիտակցում են, որ ստիպված կլինեն ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, որ «Երևանը միշտ հասկացել է դա, նրանք այդ գնահատականները տվել և տալիս են։ Եվ հասկանում են այդպիսի որոշումների արժեքը իրենց երկրի համար»։
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐԻ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԴԵՏԱԼՆԵՐԻՑ ԿԱԶՄՎԱԾ ՓԱԶԼ Է
Հարավային Կովկասի տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը բազմաթիվ կտորներից կազմված մի փազլ է, – ասել է Ռուսաստանի փոխվարչապետը
Օվերչուկն ասել է. «Հարավային Կովկասի ապաշրջափակումը փազլ է՝ բաղկացած մեծ թվով դետալներից։ Այնտեղ կան քաղաքական ասպեկտներ՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ, կան նաև այդ երկրների միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցեր»։
Նա նշել է, որ այնտեղ կան նաև պետական սահմանը հատելիս իրականացվող վերահսկողության բոլոր տեսակների կազմակերպման և անցկացման, մարդկանց անվտանգության, ճանապարհի բեռնվածության, էկոլոգիայի և կլիմայի, տնտեսական հարցերի և հարևան երկրների շահերի հետ կապված հարցեր։
«Ի վերջո, այնտեղ կան Ռուսաստանի Դաշնության շահերը՝ կապված երկաթուղային կոնցեսիայի, ինչպես նաև Մեղրիի հատվածի շրջանում ռուս սահմանապահների ներկայության հետ։ Շատ տարբեր հարցեր կան, դրանք իրենց բնույթով հիմնականում տեխնիկական են, սակայն դրանցից է կախված վերջնական արդյունքը»,- եզրափակել է Ռուսաստանի փոխվարչապետը։
Այս թեմայով Օվերչուկը հայտարարել է, որ Հարավային Կովկասի հարցերով եռակողմ խումբը չի հանդիպել 2023 թվականի հուլիսի սկզբից ի վեր։
«Խումբը չի հավաքվել 2023 թվականի հուլիսի սկզբից, թեև երկկողմ մակարդակով կապ ենք պահպանում։ Եվ կարծիքներ ենք փոխանակում այն մասին, թե ինչ է կատարվում, այդ թվում՝ հանդիպումների ժամանակ, որոնց մասին ես խոսեցի։ Այդուհանդերձ, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները նաև իմ գործընկերներն են միջկառավարական հանձնաժողովներում և մենք շատ ենք շփվում։ Խումբը մանրակրկիտ է աշխատել՝ խորանալով մանրագույն դետալների մեջ, դիտարկելով Հարավային Կովկասում ապաշրջափակման ամենատարբեր ասպեկտները։ Մենք ամեն ինչ դիտարկել ենք ամենատարբեր կողմերից։ Սկզբունքորեն, եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում բոլոր որոշումները ձևակերպվել են և համենայնդեպս, պարզ է, թե ինչ է պետք անել և ինչպես»,- նշել է նա։
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆՈՐԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Ռուսաստանը և Ադրբեջանը լավ են հասկանում միմյանց տնտեսական ոլորտում և կառուցողականորեն աշխատում են այդ ոլորտում կառավարությունների և ձեռնարկությունների մակարդակով, – հայտարարել է Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք նորմալ տնտեսական հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ։ Ես չեմ հոգնում դա կրկնելուց։ Բառացիորեն վերջերս մենք միջկառավարական հանձնաժողով էինք անցկացնում Աստրախանում, որտեղ երկու կողմերն էլ շեշտում էին, որ մենք տնտեսական խնդիրներ չունենք։ Մենք շատ լավ ենք հասկանում միմյանց և կառուցողականորեն աշխատում ենք ինչպես կառավարությունների տնտեսական բլոկների, այնպես էլ ձեռնարկությունների և բիզնեսի մակարդակով։ Այստեղ մեզ մոտ ամեն ինչ նորմալ է ընթանում»,- ասել է նա։
10-րդ Արևելյան տնտեսական համաժողովը տեղի է ունենում Վլադիվոստոկում սեպտեմբերի 3-6-ը։ Համաժողովի գլխավոր թեման է՝ «Հեռավոր Արևելք. համագործակցություն հանուն խաղաղության և բարգավաճման»։ Համաժողովի կազմակերպիչը «Ռոսկոնգրես» հիմնադրամն է։ «TASS»-ը համաժողովի գլխավոր տեղեկատվական գործընկերն է։
News.am-ի նյութերով
