Логотип

ԱԼԻԵՎԸ ԱՊԱԳԱ ԸՆՏՐՈՂՆԵՐ ԿԱՊԱՀՈՎԻ ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ

«Այս նկարում «Արևմտյան Ադրբեջան» համայնքի անդամության վկայականն է, որտեղ նշված է անձի ծագման վայրը (բնօրրանը)՝ «Արևմտյան Ադրբեջան» և Հայաստանի Հանրապետության բնակավայրերից մեկը: Ընդ որում, հատուկ այնպես է արված, որ վկայականն ունենա անձը հաստատող պաշտոնական փաստաթղթի (ID card) տեսք և նշանակություն, ինչպես դեռ 2022թ. պլանավորել են դա դարձնել անձնագիր հետագայում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ կցելով փաստաթղթի համապատասխան լուսանկարը։

«Կոնկրետ այս նկարում նշված է Ալավերդի, Փոքր Այրում, իսկ կլոր նշանն այդ համայնքի, այսինքն` ամբողջ Հայաստանի Հանրապետության ադրբեջանացման նշանն է: Այս կինը «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության անդամ է, Ադրբեջանի Մինգեչաուրի քաղաքապետարանի ավագանու անդամ, ինչպես նաև Երիտասարդների թմրամոլության դեմ պայքարի հասարակական կազմակերպության Մինգեչաուրի նախագահը:

Հայաստանի իշխանությունը ստում է մեզ բոլորիս` թաքցնելով ճշմարտությունը և մեզ մոտեցող արհավիրքը: Դա այնքան ոգևորված են անում, որ դեռ մի հատ էլ հանդգնում են քարոզել, թե այս զավթողական քաղաքականությունից ադրբեջանական իշխանությունը հրաժարվել է: Այս կեղծիքները տարածվում են մեկ նպատակի համար` հանուն սեփական իշխանությունը երկարացնելու ու ամեն օր ավելացող սեփական սխալները թաքցնելու:

Խաղաղությունը բարձրագույն արժեք է բոլորիս համար, բոլորս էլ ուզում ենք ապրել խաղաղ, բայց այս իշխանությունները դա որևէ կերպ չեն ապահովում»,- ընդգծել է Թաթոյանը։

Սուտը, որի մասին գրում է իրավապաշտպանը, մի քանի օր առաջ մի շարք իշխանամետ տելեգրամ-ալիքների, այդ թվում՝ փաշինյանական ռեժիմի հետ անմիջականորեն կապված «Բաղրամյան 26» ՏԱ-ի հրապարակած ապատեղեկատվությունն է։ Հրապարակման մեջ ասվում էր, թե իբր Բաքվի իշխանությունները «սկսել են լուծարել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հետ կապված կազմակերպությունները։ Իբր «որոշումը կայացվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երկրի ստանձնած պարտավորությունների շրջանակներում»։

«Արևմտյան Ադրբեջանի» նկատմամբ ցանկացած պահանջ կամ այդ անվան տակ միջոցառումների անցկացում այժմ կհամարվի անջատողականություն»,- ասվում էր հաղորդագրության մեջ: Իսկ առավել համոզչության համար «սենսացիոն» լուրն ավարտվում էր նույն այդ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» խորհրդի նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլիին վերագրվող հայտարարությամբ, թե իբր՝ դա արվում է Ալիևի աշխատակազմի հրամանով։

Փորձագետները, մասնավորապես Տաթևիկ Հայրապետյանը, անմիջապես սուտ անվանեցին այդ հաղորդագրությունը։ «Երբ ես փաստերով գրեցի, որ «Արևմտյան Ադրբեջան» զավթողական կոնցեպտի չեղարկման լուրը կեղծ է, թիրախ դարձա և՛ քպ-ին հարող օգտատերերի, և՛ ադրբեջանական սեգմենտի կողմից։ Այսօր հենց այդ նույն Ալիքբերլին, որին հղում էին անում, անձամբ հերքել է այդ լուրը, ավելին՝ նույնիսկ այնքան հեռուն է գնացել, որ մեղադրել է հայկական կողմին դա տարածելու մեջ», – նշեց Հայրապետյանը։

Դա տեղի է ունեցել ռեժիմի կողմից նպատակաուղղված տարածվող ստի հրապարակման բառացիորեն հաջորդ օրը։ Ալեքբերլին հայտնել է տեղի լրատվամիջոցներին, որ «կազմակերպությունը շարունակելու է իր գործունեությունը Երևանի և Բաքվի կողմից համատեղ հռչակագրի ստորագրումից և խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո»:

Ընդգծելով, որ «համայնքի» գործունեությունը «ուղիղ կապ չունի միջպետական հարաբերությունների և խաղաղության համաձայնագրի հետ», նա հույս է հայտնել, որ «խաղաղության օրակարգի առաջմղումը պայմաններ կստեղծի հարազատ վայրեր արևմտյան ադրբեջանցիների վերադարձի համար»:

Ամեն ինչ ասված է շատ հստակ և տարընթերցումների տեղ չի թողնում։ Ալեքբերլին մի ավելորդ անգամ հաստատեց այն, ինչն առանց այդ էլ չնչին իսկ կասկածից վեր էր. Բաքուն որևէ համաձայնագրի, ցանկացած «խաղաղության պայմանագրի» առկայության դեպքում անգամ մտադիր չէ հրաժարվել Հայաստանի տարածքի նկատմամբ նկրտումներից և 300 000 ադրբեջանցիների «վերադարձի» ծրագրերից: Եվ ինչո՞ւ պիտի հրաժարվի, եթե Փաշինյանը վաղուց է տվել իր համաձայնությունը, ինչի մասին միանշանակ վկայում են նրա թիմակիցների հայտարարությունները։

Ավելին, ՀՀ օկուպացիոն իշխանությունները ոչ միայն դեմ չեն Ալեքբերլիի ցեղակիցների «վերադարձին», այլև հաճույքով կընդունեն և կողջունեն նրանց որպես իրենց ապագա հավատարիմ ընտրողների:

Փաշինյանական «իրական Հայաստանի» հակառակորդների հավանական զանգվածային արտագաղթի պայմաններում Ալիևը մտադիր է ապահովել իր հանցակցի վերընտրումը, և խոսքն ամենևին էլ 2026 թվականի ընտրությունների մասին չէ, այլ Հայաստանի նաև ժողովրդագրական զավթման ռազմավարության՝ նրա իսպառ ոչնչացման նպատակադրությամբ։

Բայց «Բաղրամյան 26»-ն այդ մասին, բնականաբար, լռում է։