Логотип

Ալիև․ Մենք չենք հանդուրժի Ռուսաստանի կողմից իրականացվող ագրեսիան և անհարգալից վերաբերմունքը

«Ռուսական ուժերի կողմից ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի խոցումը և միջադեպին ռուս պաշտոնյաների արձագանքը Ադրբեջանում հսկայական հիասթափություն և դժգոհություն են առաջացնում»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Նախ, դա չպետք է պատահեր, քանի որ եթե անօդաչու թռչող սարքերը հարձակվում են ռուսական օդանավակայանների վրա՝ նրանք հատուկ ռեժիմ են հայտարարում։ Աղետից երկու շաբաթ առաջ նույն բանը տեղի է ունեցել մեր ինքնաթիռի հետ, որը թռչում էր նույն ռուսական քաղաք։ Օդաչուները ազդանշան են ստացել և ետ շրջվել։ Այս անգամ նրանք նման ազդանշան չեն տվել։ Նրանք ազդանշան են տվել միայն այն բանից հետո, երբ ինքնաթիռը խոցվել է։ Սա նշանակում է, որ նրանք դա արել են պարզապես այն մարդկանց մոլորեցնելու համար, ովքեր հետաքննություն են անցկացնում։ Նրանք ինքնաթիռին երկու անգամ են հարվածել։

Ողջ ֆյուզելաժը պատված է եղել բեկորներով։ Այն վնասվել էր ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Նախ և առաջ, ընդհանրապես չպետք էր խոցել ինքնաթիռը։ Այնուամենայնիվ դա ողբերգական սխալ էր։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ՝ նոյեմբերի 9-ին, Ադրբեջանը պատահաբար խոցել է ռուսական ուղղաթիռ, որը մոտեցել էր Ադրբեջանի սահմանին, որտեղ ի սկզբանե չպետք է լիներ։ Որովհետև 30 տարվա ընթացքում ռուսական ուղղաթիռները Հայաստանի տարածքից ոչ մի անգամ չեն մոտեցել Ադրբեջանի սահմանին։ Այն թռչում էր Հայաստանի կողմից։ Այն խոցողների համար ակնհայտ էր, որ հայկական ուղղաթիռը պատրաստվում է մուտք գործել մեր տարածք և նրանք խոցել են այն։ Անմիջապես, նույն օրը, ես զանգեցի Ռուսաստանի նախագահին և ներողություն խնդրեցի։ Մենք անմիջապես փոխհատուցում վճարեցինք զոհված օդաչուների ընտանիքներին և ՌԴ պաշտպանության նախարարությանը։ Մենք հետաքննություն սկսեցինք և նրանք, ովքեր թույլ էին տվել այս ողբերգական սխալը՝ պատասխանատվության ենթարկվեցին։

Ռուսաստանի կողմից նման բան մենք չենք տեսել։ Նոյեմբերի 9-ի այն ողբերգական իրադարձությունն ու մեր պահվածքն այն ժամանակ մեզ հիմք են տալիս նույն վերաբերմունքն ակնկալել նաև Ադրբեջանի նկատմամբ, չէ որ երկու երկրներն իրար բարեկամ են անվանում։

Սա շատ լուրջ իրավիճակ է մեր երկկողմ հարաբերություններում։ Բայց այդ մենք չէինք, որ ուզում էինք այդ հարաբերությունների վատթարացումը։ Այո, մեր ժողովուրդը հիասթափված էր, զայրացած, վրդովված: Մենք սպասում էինք, որ վաղ թե ուշ հետաքննությունը կավարտվի։

Բայց հետո Ռուսաստանում սկսվեցին ադրբեջանցիների վրա այս անհիմն հարձակումները։ Երկու մարդու խոշտանգվել և սպանվել է։ Իսկ հետո ստացված պաշտոնական տեղեկատվության մեջ ասվել է, որ նրանք մահացել են սրտի կաթվածից։ Նույնիսկ եթե նրանք հանցագործությունը կատարել են 20 տարի առաջ, միևնույն է, նրանք մարդ են։

Նրանց հետ այդպես չի կարելի վարվել։ Ի՞նչ վերաբերմունք է սա։ Նրանց մեջ կային Ադրբեջանի և ադրբեջանական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացիներ։ Սա աննախադեպ ակտ էր մեր ժողովրդի դեմ։ Մենք պատասխանատվություն չենք կրում հարաբերությունների վատթարացման համար։ Մենք արձագանքում ենք կառուցողականորեն և օրինական կերպով, բայց երբեք թույլ չենք տա մեր նկատմամբ ագրեսիայի կամ անհարգալից վերաբերմունքի որևէ նշան կամ դրսևորում», – նշել է Ալիևը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

News.am