Ռուսական կողմը պատրաստ է Երևանի հետ քննարկել TRIPP նախագծին Մոսկվայի հնարավոր մասնակցության պարամետրերը։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը:
«Ինչ վերաբերում է «[Սպիտակ տան ղեկավար Դոնալդ] Թրամփի ուղի» նախագծին, մենք մեր դիրքորոշումը վերապահել ենք։ Հայ-ամերիկյան նախաձեռնության մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Պատրաստ ենք խորհրդակցել Երևանի գործընկերների հետ՝ քննարկելու ինչպես պարամետրերը, այնպես էլ այս կամ այն ձևով ռուսական հնարավոր մասնակցությունը», — հայտարարել է դիվանագետը:
Գալուզինը հիշեցրել է, որ մինչև 2038 թվականը Հայաստանի երկաթուղային ցանցը գտնվում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկության կառավարման ներքո, երկրում օգտագործվում է ռուսական լայնության երկաթգիծ, իսկ Իրանի հետ սահմանին տեղակայված են ռուս սահմանապահներ։
«Պետք է հաշվի առնել նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործոնը։ Այս պայմաններում ակնհայտ է, որ գործընկերները չեն կարող գլուխ հանել առանց Ռուսաստանի», — ընդգծել է գերատեսչության փոխղեկավարը։
Գալուզինը նաև նշել է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ արդեն իսկ զգալի աշխատանքային փորձ է կուտակվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ ձևաչափի շրջանակներում՝ փոխվարչապետների մակարդակով։
News.am
