Логотип

ԱԿՆՀԱՅՏ ՉԱՐԱՄԻՏ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է. ՄԱՅՐ ԱԹՈՌԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՉՏՐՎԵԼ

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, թեմում ծառայող քահանաների և աշխատակիցների նկատմամբ իրականացված ապօրինի քրեական հետապնդման գործողությունները հերթական դրսևորումն են իշխանությունների հրահրած հակաեկեղեցական համակարգված արշավի։ Այս հայտարարությունն արել է Մայր աթոռը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները վաղ առավոտյան խուզարկություն են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման են ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ` Փառեն քահանա Առաքելյանը, Հայկ քահանա Քոչարյանը, Մկրտիչ քահանա Երանյանը, Մանուկ քահանա Զեյնալյանը, Ղևոնդ քահանա Գափոյանը, Հայկ քահանա Սահակյանը, Սարգիս քահանա Սարգսյանը, Գարեգին քահանա Արսենյանը, Նարեկ քահանա Սարգսյանը, Օշին քահանա Հայրապետյանը, Վրթանես քահանա Բաղալյանը, Համբարձում քահանա Դանիելյանը, Արագածոտնի թեմի հաշվապահը, գանձապահը և գործավարը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` հոգևորականները բերման են ենթարկվել հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու կասկածանքով։

Մայր աթոռը նշել է, որ օրենքի կոպտագույն ոտնահարմամբ ժամեր շարունակ ծածուկ է պահվել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Սարգիս քահանա Սարգսյանի, Նարեկ քահանա Սարգսյանի, Օշին քահանա Հայրապետյանի, Համբարձում քահանա Դանիելյանի, Վրթանես քահանա Բաղալյանի պահման վայրը, և նրանք զրկված են եղել իրավական աջակցություն ստանալու որևէ հնարավորությունից»,– ասված է հաղորդագրության մեջ։

«Նմանօրինակ դատապարտելի գործողություններով ակնհայտ չարամիտ դիտավորություն է հետապնդվում խափանելու եկեղեցու բնականոն գործունեությունը, հարվածելու եկեղեցու հեղինակությանը և վախի ու տագնապի մթնոլորտ տարածելու հոգևորականների, հավատացյալների ու հանրության լայն շրջանակներում։ Ամբողջատիրական համակարգերին բնորոշ նմանօրինակ բռնաճնշումների կիրառմամբ ՀՀ իշխանությունները կոպտորեն ոտնահարում են կրոնական ազատության իրավունքը, վիրավորում հավատացյալների կրոնական զգացումները, շարունակում տարածել ատելություն՝ խորացնելով հանրային պառակտումը»,– »,– ասված է հայտարարությունում։

Մայր աթոռը հոգևորականներին և հավատացյալ ժողովրդին կոչ է անում չտրվել սադրանքներին, ամուր մնալ եկեղեցու պաշտպանության դիրքերում։

«Խարդավանքներով, սպառնալիքներով և բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին և հավատավոր ժողովրդին։ Աղոթում ենք հայրենի մեր երկրի խաղաղության և մեր ժողովրդի անվտանգ կյանքի համար»,– եզրափակել է Մայր աթոռը։

Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի քրոջորդին է։

Հիշեցնենք` քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։

Sputnik Արմենիա