Հանրային–քաղաքական գործիչներն ու 44–օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են Ազգային ժողովի շենքի դիմաց և պահանջում են հրապարակել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ տարիներ շարունակ սպասում են պատասխանների, սակայն մինչ այժմ հստակ տեղեկություններ չեն ստացել պատերազմի պատճառների և պատասխանատուների վերաբերյալ։ Նրանց պահանջը մեկն է՝ հրապարակել ամբողջական զեկույցը և բացահայտել տեղի ունեցածը։
Հանրային գործիչ Գևորգ Գևորգյանն իր ելույթում նշեց, որ իշխանությունները երկար ժամանակ տարբեր տեղեկություններ չեն հրապարակել՝ դրանք ներկայացնելով որպես գաղտնի տվյալներ։
«Այս իշխանությունը տարիներ շարունակ չեն հրապարակել այն ամենը, ինչ չեն ուզել, կոծկել են «հույժ գաղտնիության» անվան ներքո։ 4-5 տարի շարունակ ասում էին՝ այս հանձնաժողովը լույս է սփռելու ամեն ինչի վրա, լինելու են դատական ակտեր, ձերբակալություններ, բայց հետո հանկարծ բոլորը դրա մասին լռեցին։ Հասարակությունը պետք է իմանա՝ ովքեր են պատասխանատու պատերազմի համար, հատկապես այն պայմաններում, երբ երկիրը կանգնած է նոր ընտրությունների առաջ»,– ասաց Գևորգյանը։
Նրա խոսքով՝ հանրությունը պետք է տեղեկացված լինի, որպեսզի կարողանա գիտակցված որոշումներ կայացնել։
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ շարունակելու են իրենց պահանջը, քանի դեռ չի հրապարակվել հանձնաժողովի ամբողջական զեկույցը և չեն հստակեցվել պատերազմի պատասխանատուները։
Հավաքվածները իրենց պահանջով նամակներ ստորագրեցին, որ փոխանցվեն ԱԺ խմբակցություններին։ Նրանք հավելեցին, որ ամեն օր՝ ժամը 15։00–ին, լինելու են խորհրդարանի դիմաց։
Հիշեցնենք` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 1-ին հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետի խախտման պատճառով չի ներառվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բայց կքննարկվեն այն ներկայացնելու այլ ձևաչափեր։ Հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ զեկույցը չի հանրայնացվի. Ալեն Սիմոնյանը որոշել է այն ուղարկել խորհրդարանի առաջին բաժին, որտեղ պահվում են գաղտնի փաստաթղթերը:
Sputnik Արմենիա
